Իշխանասարից ադրբեջանական ԶՈւ-ն 100 տոկոս հեռանում է. ՊՆ-ն ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը տեղյակ չէ՝ արդյո՞ք ադրբեջանական զորքերը հետ են քաշվել համայնքի Իշխանասար բնակավայրի տարածքից։ 

«Այս պահի դրությամբ ես այդպիսի ինֆորմացիա չունեմ, բայց այդ գործողությունները պետք է լինեն։ Ես զանգել եմ հրամանատարներին, որ 100 տոկոսով ճշտենք»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Հակոբջանյանը։

Սիսիանի համայնքապետի պաշտոնակատարը հաստատեց, որ ադրբեջանական կողմի հետ զորքի հետքաշման պայմանավորվածություն կա։ «Որ հեռանում են, դա 100 տոկոս է, 200 մարդուց մնացել է 50-60 մարդ, կամ տեխնիկան որ թեթևացրել են, դա հաստատ։ Իսկ որ դիրքերը հետ են քաշել, այս պահին ինֆորմացիա չունեմ, բայց պիտի լինի», - հավելեց Հակոբջանյանը։

Նա ասաց, որ նոյեմբերի 16-ի բախումների ժամանակ Սիսիանի ուղղությամբ դիրքային կորուստներ չեն եղել։ Այլ հարցերի Արմեն Հակոբջանյանը չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ զբաղված է։

Իշխանասար բնակավայրի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը, որը մի շարք լրատվամիջոցների ասել էր, որ ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Հայաստանի տարածքից մինչև այն տարածք, որտեղով անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանը, 24News-ի հետ զրույցում ասաց․ «Մենք ունենք քաղաքապետ՝ Հակոբջանյան, և պաշտպանության նախարարություն, խնդրում եմ՝ զանգե՛ք իրենց, ես չգիտեմ»», - ասաց Պետրոսյանն ու անջատեց զանգը։ 

 

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից ոչ հաստատեցին, ոչ հերքեցին լուրը՝ հորդորելով սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա:


 

Քաղաքականություն