
Կինն այցելել է ադրբեջանցիների վրա պայթուցիկ սարք նետած Նորայր Միրզոյանին

Արցախի քննչական կոմիտեն տեղեկություններ չի տրամադրում նոյեմբերի 13-ին Շուշի քաղաքի անցակետում ադրբեջանցի զինծառայողների վրա պայթուցիկ սարք նետած Նորայր Միրզոյանի վերաբերյալ։
«Նախաքննությունը շարունակվում է, և նախաքննության գաղտնիքներից ելնելով՝ չենք կարող որևէ բան ասել», - այս մասին 24News-ին ասաց Արցախի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Նանար Պողոսյանը։ Պողոսյանը նշեց, որ Նորայր Միրզոյանի անվտանգությունից ելնելով՝ չի կարող հավելյալ որևէ տեղեկություն տալ։
Լրատվականի հետ զրույցում, Միրզոյանի կինը՝ Սուսաննան, ասաց, որ ամուսնուն հիվանդանոցում այցելել է։ «Մի փոքր առողջական խնդիրներ ունի, բուժում է ստանում։ Ստրեսի մեջ է, չի կարող խոսել», - եզրափակեց տիկին Սուսաննան։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Նորայր Միրզոյանը Շուշի քաղաքի ադրբեջանական անցակետում պայթուիկ նյութ էր նետել ադրբեջանցի զինվորականների վրա, ինչի հետևանքով, ըստ ադրբեջանական կողմի, վնասվածք էր ստացել 3 զինծառայող։ Միջադեպից քիչ անց որոշ ժամանակով փակվել էր Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը։ Այդ օրն Արցախի Ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարության համաձայն՝ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում: Դեպքից քիչ հետո Միրզոյանը հանձնվել էր ռուս խաղաղապահներին, այնուհետև փոխանցվել Արցախի իրավապահներին։