Այդ 7 շրջանները մենք հատուկ չէինք վերցրել, ադրբեջանցիներն էին լքել ու փախել․ Նորատ Տեր-Գրիգորյանց․ Hraparak

Hraparak.am-ը զրուցել է ԽՍՀՄ եւ ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ։ 

 

Սստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված․ 


«- Հայաստանը, որպես պարտված կողմ, կարծես պատրաստ է ամեն ինչ զիջել, որ Ադրբեջանը հանկարծ նորից չպատերազմի։ Հիմա, երբ մեր մաշկի վրա զգում ենք պարտության դառնությունը, շատերն իրենց հարց են տալիս՝ երբ արցախյան առաջին պատերազմի ժամանակ մենք էինք հաղթում, մենք նման բաներ չարեցինք։ Թեպետ լուրեր կային, թե զինվորականներն ասել են՝ գնանք առաջ, հասնենք Բաքու, գերագույն գլխավոր հրամանատարը թույլ չի տվել։

 

- Դա խաբեբայություն է, որ «մենք Баку возмём, մենք Баку возмём», դա ինչ-որ խուլիգանական բաներ էին․․․ գոռոզ-գոռոզ խոսակցություններ։ Մեր պլանների մեջ էսպես բան չկար։ Մեր զորքն ագրեսիա իրականացնող զորք չէր։ Ոչ մի մարդ չէր ասում՝ գնանք առաջ, որովհետեւ առաջ գնալու տեղ չկար։ Արցախի պաշտպանության բանակը Ղարաբաղն էր ազատում։ Ի՞նչ կարիք կար առաջ գնալու։ Նախ, եթե առաջ գնայինք, դիրքերն անվտանգ չէին լինի, որովհետեւ իջնելով ցած՝ դեպի Քուռ, այնտեղ հնարավոր չէր պաշտպանություն իրականացնել։ Էլ չեմ ասում, թե քաղաքականապես ինչ անգրագետ քայլ էր։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ մենք պաշտպանվում էինք, չէ՞ որ մեզ վրա հարձակվել էին։ Մենք պաշտպանեցինք եւ ազատագրեցինք Ղարաբաղը եւ թույլ չտվեցինք նրանց առաջխաղացումը։ Իսկ այդ 7 շրջաններն էլ, որ ասում են, մենք հատուկ չէինք վերցրել, նրանք էին դրանք լքել ու Իրանով փախել։ Իսկ հիմա, երբ այդ տականքը դեռ 50 միլիարդ է ուզում, իրենք են թողել․․․ Ու իրենց ռազմաօդային ուժերով ոչնչացրել։ Իրենց օդաչուներն ուկրաինացիներ էին, որոնք էլ ոչնչացնում էին այդ բնակավայրերը։ 
Իսկ հիմա նրանց ծրագիրն ի՞նչ է՝ Ղարաբաղի ու Զանգեզուրի նվաճում, Նախիջեւանի հետ միավորում եւ Երեւանի վրա հարձակում։ Այն ժամանակ մեզ ավելին պետք չէր։

 

- Բայց իրենց պետք է, իրենք արդեն 41 կմ ներխուժել են մեր սահմաններից ներս։ Իրենք, ի տարբերություն մեզ, մեծահոգի չեն։

 

- Այո, մտել են Սյունիք։ Որովհետեւ նրանց պետք էր գնդակահարել, ոչնչացնել։ Սա ագրեսիա է, ուստի, մեր բանակը պետք է կանգնի այնտեղ եւ թույլ չտա։ Չէ՞ որ մենք առաջին արցախյան պատերազմում չգնացինք։ Իսկ նրանք լկտի ագրեսորներ են։ Եվ առաջին պատերազմն էլ իրենք են սկսել՝ մեզ վրա հարձակվելով։ Իրենց ծրագրի մասին արդեն ասացի, հիմա էլ նույն ծրագիրն ունեն։ Արցախ, Զանգեզուր-Նախիջեւան եւ Երեւան։ Այդ պատճառով էր, որ Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը որոշեցին բանակ ստեղծել։ Սա այն ժամանակ էր, երբ Ալիեւը (հայր) ասաց, որ իրենք մեկ ազգ-երկու պետություն են։

 

- Այսինքն, մի օր էլ կասեն՝ Երեւանն է՞լ ենք ուզում։

 

- Այո, իրենց ծրագրում եղել է ու կա։ Ես՝ որպես ՌԴ ԶՈՒ գեներալ, Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջարկեցի՝ Հայաստանում ստեղծել ռուսական ռազմաբազա՝ ՌԴ-ի անկլավը Հայաստանի տարածքում։ Եվ մենք այն ստեղծեցինք ու կոչեցինք 102-րդ բազա։ Բանակի մի գեներալ կար՝ Նիկոլաեւ, որին հրավիրեցինք, նա Ելցինի տեղակալն էր ու ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատարը, ու նրա հետ համատեղ սահմանապահ զորքեր ստեղծեցինք։ Այսինքն՝ մենք այդ բազայով այնտեղ փակեցինք, իսկ հետո մեր վերահսկողության տակ առանք Նախիջեւանի որոշ բարձունքներ, որոնք մեզ էին պատկանել, նաեւ՝ Նոյեմբերյանի, հետո Արցախի ՊԲ-ի հետ գնացինք առաջ եւ ազատեցինք Ղարաբաղը»։

 

Հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ սկզբնաղբյուր կայքում