Ոչ ոք չի կարողանալու պարտադրել. Աշոտ Բարսեղյանը՝ ԱՆ սահմանափակումների մասին

Ամանորին ընդառաջ ամրագրումները սկսել, իսկ որոշ դեպքերում նաեւ ավարտվել են մի շարք հայտնի ռեստորաններում։ Դեկտեմբերի 31-ի գիշերը հայտնի ռեստորանները խոստանում են հետաքրքիր շոու ծրագրեր, երգ եւ պար, մարդիկ արդեն համապատասխան ամրագրումներ արել են, երբ ԱՆ-ն հայտարարեց հնարավոր նոր սահմանափակման մասին՝ հունվարի 1-ին հանրային սննդի կենտրոններում մուտքը QR կոդով կամ թեստավորման պատասխանով դարձնելու մասին։  

 

ArmDaily.am-ը կապ է հաստատել «Հայկական ռեստորանների միության» համակարգող Աշոտ Բարսեղյանի հետ՝ պարզելու, թե ինչ է սպասվում այս ամանորին, կխանգարեն արդյոք ռեստորանների աշխատանքին սահմանափակումները, թե ոչ։

 

«Պատվերներ կան, ես արդեն առավոտվանից մի քանի անգամ կոչ եմ արել տնտեսվարողներին չանհանգստանալ։ Ոչ մի QR կոդերի ստուգում ոչ ոք չի կարողանալու պարտադրել։ Այն մարդկանց, ովքեր իրենց պատվերները արել են՝ հորդորում եմ չչեղարկել ոչ մի պատվեր, ամեն ինչը բնականոն գնալու է իր հունով»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է Աշոտ Բարսեղյանը։

 

Ըստ նրա՝ ՀՀ-ն չունի  այն տեխնիկական համակարգը և մարդկային ռեսուրսը, որ կարողանա ստուգել, իսկ իրավական առումով ռեստորանները պաշտպանված են։ 

Հարցին, թե ազատ ռեստորաններ կա՞ն ամանորյա օրերին՝ Բարսեղյանն ասել է. «Մեկ ամիս է՝ չենք կարող ո՛չ Դիլիջանում, ո՛չ Ջերմուկում, ո՛չ Ծաղկաձորում ազատ սենյակ ամրագրել, նույնն էլ ռեստորաններն են, և բնական է, որ QR կոդերի պատճառով ոչինչ չի չեղարկվի»։

Միջոցառումները ամենամյա են՝ նույն ոճով ու գնային սանդղակով։ Ամենաէժան աթոռը սկսվում է 8000 դրամից։

Քաղաքականություն

Պատահարներ