Ֆրանսիայում կպատվաստեն ռիսկի խմբերի 5-11 տարեկան երեխաներին

Ֆրանսիայի առողջապահության բարձրագույն վարչությունը հանձնարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստել ռիսկի խմբերի և խոցելի կատեգորիաների 5-11 տարեկան երեխաներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ֆրանսիական բժշկական կարգավորիչի հայտարարությունը հայտնվել է Եվրամիության մակարդակով 5-11 տարեկան երեխաների համար BioNTech/Pfizer պատվաստանյութին հավանություն տալուց հետո: Դեղամիջոցների EMA եվրոպական գործակալությունը հանձնարարել է ընդլայնել COVID-պատվաստանյութերի կիրառումն այդ տարիքի երեխաների համար: Այնուհետև Առողջապահության բարձրագույն վարչությունը վերլուծել է այդ տարիքային խմբի համաճարակաբանական տվյալները, ինչպես նաև պատվաստանյութի արդյունավետության վերաբերալ առկա տվյալները:

Ֆրանսիական բժշկական կարգավորիչն այժմ հանձնարարում է պատվաստումը հասանելի դարձնել այդ տարիքային խմբի այն երեխաների համար, որոնք ենթակա են հիվանդությունը ծանր տանելու և մահվան ռիսկին, և նրանց, որոնք ապրում են թույլ իմունիտետի ունեցող կամ խոցելի անձանց շրջապատում, որոնք պաշտպանված չեն պատվաստմամբ»,-ասվում է կարգավորիչի հայտարարության մեջ: Նաև Ֆրանսիայի առողջապահության բարձրագույն վարչությունը հանձնարարել է՝ ուժեղացնել կանխարգելման միջոցառումները դպրոցներում, պահպանել սահմանափակումները և պարբերաբար անցկացնել COVID-19-ի թեստեր: Վերջին շաբաթներին, մասնագետների տվյալներով, կտրուկ աճել է COVID-19-ով հիվանդացությունը բոլոր տարիքային խմբերում: 6-ից մինչև 11 տարեկան երեխաները դարձել են «հիվանդացության ամենաբարձր մակարդակով» խումբը դպրոցականների շրջանում, նշել է կարգավորիչը:

Քաղաքականություն

Պատահարներ