31 հայ զինծառայող շուրջ երկու շաբաթ է գտնվում է գերության մեջ, սակայն Բաքվում Կարմիր Խաչը նրանց չի տեսակցել

ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի նոյեմբերի 16-ին իրականացրած ագրեսիայի հետեւանքով գերեվարված հայ զինծառայողները մնացել են առանց միջազգային հսկողության ու պաշտպանության։ Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ նոր գերեվարված անձանց հետ հանդիպում տեղի չի ունեցել։ 

Հիշեցնենք, որ ՀՀ արևելյան սահմանագծում ադրբեջանական ագրեսիայից անցել է շուրջ երկու շաբաթ, որի հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, գերեվարված է 31 զինծառայող։

Ճիշտ է, նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին։ Սակայն Նիկոլ Փաշինյանը ավելի ուշ՝ առցանց ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Սյունիքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են։

«Չճշտված տվյալների համաձայն ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել են։ Մի մասը, որ մտածում ենք զոհված են, չճշտված տեղեկությունների համաձայն գերեվարված են։ Մենք ունենք 6 հաստատված զոհ, ունենք 24+8 գերեվարված, բայց այս տվյալները վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն»,- նոյեմբերի 23-ին ասել էր վարչապետը։ Իսկ Նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ գերեվարված քաղաքացիներից մեկին, որը նաեւ ծանր վիրավոր էր, վերադարձվել է։ Հետեւապես՝ կարող ենք ենթադրել, որ այս պահին ունենք 31 գերեվարված անձ։

Բաքուն չի շտապում պաշտոնապես հաստատել այն անձանց տվյալները, որոնք գտնվում են գերության մեջ, քանզի այդ դեպքում նրանց տեսակցելու հնարավորություն կունենա նաեւ Կարմիր Խաչը, որի պայմաններում տղաները կստանան որոշակի անձեռմխելիություն։
Զառա Ամատունին հայտնել է, որ այս պահին կապի մեջ են համապատասխան իշխանությունների հետ։ Երկու կողմերի հետ էլ ընթանում են կոնֆիդենցիալ երկխոսություններ։

«Իրավիճակը նույնն է։ Մենք համապատասխան իշխանությունների հետ շարունակում ենք մնալ կապի մեջ, բայց չունենք այլ նորություններ։ Ընտանիքների հետ կապի մեջ ենք։ Կարևոր է, որ մենք ընտանիքներից վերցնենք տվյալներ, բայց ինչպես կարձագանքեն իշխանությունները, չենք կարող մեկնաբանել»,- նշեց Զառա Ամատունին, հավելելով, որ իրենց դիմաց ծնողների թվի մասին տվյալներ չեն կարող հաղորդել։

Քաղաքականություն

Պատահարներ