
«Մեր պետականությունը թշնամու հետ գործարքի զոհ է գնում». Հոխիկյան

Հասարակական մի շարք գործիչներ, երկրում ստեղծված անվտանգային իրավիճակից ելնելով, ստեղծել են ազատագրական շարժում:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում մեդիափորձագետ, շարժման նախաձեռնողներից Նաիրի Հոխիկյանը նշեց, որ իրենց շարժման ներքո մեկ գաղափարի շուրջ հավաքվել են հասարակական-քաղաքական տարբեր գործիչներ, մշակութային գործիչներ, բժիշկներ և տարբեր մասնագետներ:
Ազատագրական շարժման նախաձեռնողների թվում են նաև ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը.
«Ընդգրկված են 5165 շարժման մի շարք անդամներ: Տարբեր կուսակցություններից ևս անդամներ կան, որոնք որպես կուսակցություն չեն եկել, այլ՝ որպես քաղաքացի»,-ասաց նա:
Ազատագրական շարժումն այսօր 44 րոպե փակել էր Երևանի հինգ հիմնական փողոցները՝ Բաղրամյան պողոտան, Մյասնիկյան պողոտան,Արշակունյաց պողոտան, Հաղթանակի կամուրջը և Տիգրան Մեծ պողոտան
«Մենք փորձեցինք Երևանի հիմնական փողոցներն արգելափակելով՝ մարդկանց ուշադրությունը հրավիրել մի շարք խնդիրների վրա: Այսօր փաստացի մեր պետականությունը գործարքի հետևանքով զոհ է գնում թշնամուն, բայց մենք թույլ չենք տա, պետք է ազգովի թույլ չտանք, ամբողջ ազգը պետք է դեմ դուրս գա»,-ասաց Հոխիկյանը:
Նաիրի Հոխիկյանի խոսքով՝ իրենք հիմնական երեք պահանջ են ներկայացրել՝ կանխել սահմանազատման և սահմնանագծման փաստաթղթի ստորագրումը, որը, ըստ զրուցակցի, «հակահայկական է և խաչ է քաշում մեր երկրի պետականության և անվտանգության վրա».
թույլ չտալ Սյունիքով միջանցք տրամադրել թշնամուն, ինչպես նաև պատշաճ կերպով զինել բանակը.
«Թեպետ մեզ ներկայացնում են, որ միջանցք չի լինելու, ճանապարհ է լինելու, անունը կարող է ճանապարհ լինել, բայց իրականության մեջ այն կլինի միջանցք: Քո ճանապարհը, որը տալիս ես թշնամուն, վերահսկելու է այլ երկրի զինվորները, կլինեն՝ ռուսները թե այլ զինվորականներ, դա արդեն վտանգավոր է, օրինակ՝ Ադրբեջանը պնդում է, որ թուրքական ոստիկանությունը վերահսկի այդ ճանապարհը:
Այսինքն` սա միջանցք է, որը քո երկրի սուվերեն տարածքից դու տալիս ես այլ պետության: Այս պարագայում վտանգի տակ է դրվում Սիսիանից ներքև ողջ բնակչության անվտանգությունը, նրանց կյանքը: Պահանջում ենք նաև առաջնագծում կանգնած հայ զինվորին, կամավորականին պատշաճ կերպով զինել: Իշխանությունները իրենք իրենց փորձում են մաքուր հանել, թե իրենք մեղավոր չեն, որ հայ զինվորը դիրքեր է զիջում, բայց եթե զինվորը չունի համապատասխան անհրաժեշտ քանակությամբ զենք-զինամթերք և թիկունքային ապահովություն, չի կարող պատշաճ ձևով կռվել, որքան էլ ոչ դուխով լինի»,-ասաց Հոխիկյանը:
Նաիրի Հոխիկյանը նաև հավելեց, որ հասարակությունը հիմնականում դրական է արձագանքել իրենց ակցիաներին.
«Ես Հաղթանակի կամրջի մոտ էի, նույնիսկ փողոցով անցնող մարդիկ եկան, միացան մեզ, փողոց փակող մեքենաներ կային, մարդիկ ավտոբուսներից ոգեշնչում էին, ծափահարում էին:
Կային նաև մարդիկ, որոնք աշխատանքից ուշանում էին, գոռգոռում էին, մեքենաներից ազդաշնաններ էին տալիս, ամբողջ հասարակությունից չես կարող նույն բանը սպասել»:
Զրուցակիցը նաև վստահեցրեց, որ իրենց ակցիաները շարունակական են լինելու
«Մենք տուն չենք գնալու, մեկ անգամով չենք սահմանափակվելու: Սա քաղաքացիական -հասարակական նախաձեռնություն է, և որևէ կուսակցության շահերը չի սպասարկում, թեև ներգրավված են տարբեր կուսակցություններ, ՀԿ-ներ, որոնք վայր են դրել իրենց կուսակցական դրոշները և մտել են Հայաստանի Հանրապետույան և Արցախի Հանրապետության դրոշի տակ»,-ասաց նա: