
Առանց խիստ սահմանափակումների Եվրոպայում COVID-19-ի հետեւանքով կմահանա 500 հազար մարդ. ԱՀԿ

Ձմռան ընթացքում կորոնավիրուսի համավարակի հետեւանքով Եվրոպայում կմահանա շուրջ 500 հազար մարդ, եթե տարածաշրջանի երկրները չխստացնեն սահմանափակումները: Այդ մասին շաբաթ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն բրիտանական Բի Բի Սի-ին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն «շատ մտահոգ» է Եվրոպայում COVID-19-ի տարածման տեմպերի արագացմամբ, ինչի կապակցությամբ փորձագետները խորհուրդ են տալիս շարունակել կրել բժշկական դիմակ, ինչպես նաեւ անցնել պատվաստման կուրս բոլոր նրանց դեպքում, ովքեր դեռ չեն պատվաստվել: Կլյուգեի պնդմամբ՝ Եվրոպայում կորոնավիրուսի հերթական ալիքը կդիտվի ձմռանը ցրտի, մի շարք երկրներում պատվաստման ցածր ցուցանիշների եւ ավելի վարակիչ շտամերի առաջացման հետեւանքով:
«COVID-19-ը նորից դարձել է մեր տարածաշրջանում մահացության հիմնական պատճառը»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ համավարակի դեմ պայքարելու համար պատրադիր պատվաստումը պետք է դիտել միայն որպես ծայրահեղ միջոց: Միեւնույն ժամանակ Կլյուգեն նշել է, որ լավ կլիներ սկսել օրենսդրական եւ հանրային քննարկում այդ հարցի շուրջ: «Նախքան պարտադիր պատվաստմանն անցնելը պետք է դիտարկել մյուս գործիքները, օրինակ, քովիդ-անցագրերը, որոնք բնավ չեն սահմանափակում ազատությունը, այլ օգնում են պահպանել այն»,-հայտարարել է նա:
Մի շարք եվրոպական երկրների իշխանությունները վերջին օրերին հիվանդության կտրուկ աճի ֆոնին ստիպված էին խստացնել հակակորոնավիրուսային սահմանափակումները: Այդկերպ նրանք հույս ունեն դրդել բնակչությանը պատվաստման արշավում առավել ակտիվ մասնակցության, որպեսզի, որպես արդյունք, ավելի արագ ձեւավորվի կոլեկտիվ իմունիտետը: Մասնավորապես, Ավստրիայում նոյեմբերի 22-ին կսահմանվի համազգային լոքդաուն, իսկ Դանիայում դարձյալ սահմանել են քովիդ-անձնագրերը, որոնց առկայությունը պարտադիր է կինոթատրոններ, գիշերային ակումբներ եւ ռեստորաններ այցելելու, ինչպես նաեւ ավելի քան 2 հազարանոց միջոցառումներին մասնակցելու համար: