էլեկտրական շարժիչով մեքենաների համար սահմանված ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի ևս 2 տարով
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծին: Օրենքի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կտեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար։ Նախագծով նախատեսվում է օրենքով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել ևս երկու տարով՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։ Հիմնավորման համաձայն՝ հանրապետությունում ստեղծվել է բարենպաստ միջավայր էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու համար։ 2019-2021 թվականների ընթացքում ներմուծվել է ավելի քան 5200 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, (2018 թվականին՝ ներմուծվել է ընդամենը 12 էլեկտրամոբիլ): 2018-2020թթ. «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում ՄԱԶԾ/ ԳԷՀ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում տեղադրվել են 20-ից ավելի լիցքավորման կայաններ հանրապետության գրեթե բոլոր մարզերում, ինչպես նաև մշակվել է լիցքավորման կայանների տեղակայման հիմնական քարտեզ։ ԿԳՄՍ նախարարության կողմից 2021/2022թթ. նախատեսվում է միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մասնագիտությունների շարքում ընդգրկել նաև էլեկտրոմոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման տեխնիկ մասնագիտությունը։ Օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Կառավարությունը հավանություն է տվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի ընդունմամբ կսահմանվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից վարչական վարույթը կասեցնելու կամ երկարաձգելու իրավունքը և կհստակեցվի կասեցված կամ երկարաձգված վարչական վարույթներով վարչական տույժ նշանակելու ժամկետը: Օրինագծով կհստակեցվեն նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով հարկային մարմնի կողմից քննվող գործերով վերջինիս վերապահված իրավասությունների շրջանակը: