«Ադրբեջանցիները խաբե՞լ են մեզ». Պետրոս Ղազարյանի հարցը շփոթեցրեց Արմեն Գրիգորյանին

«Ընդդիմադիրներն ասում են` այ եթե դուք հեռատես իշխանություն լինեիք, դուք պատերազմի ժամանակ պայմանավորվելու ընթացքում կֆիքսեիք, որ այս ճանապարհը (Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածը - խմբ.) կմնա մերը` գոնե որոշակի ժամանակահատվածում: Դուք չեք արել դա: Եվ մեր շահերը քամուն եք տվել»,- այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց հաղորդավար Պետրոս Ղազարյանը` դիմելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

ԱԽ քարտուղարը նշեց, որ նման պայմանավորվածություն եղել է, ինչին ի պատասխան Պետրոս Ղազարյանը հարցրեց. «Քցե՞լ, խաբե՞լ են մեզ ադրբեջանցիները»:

Հարցը բավականին շփոթեցրեց Արմեն Գրիգորյանին և նա կմկմալով պատասխանեց.  «Մինչև այս պահն օգտագործել ենք ... պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, եղել է այն տրամաբանության շուրջ, որ մինչև այլընտրանքային ճանապարհ ունենալը` օգտագործելու ենք այդ ճանապարհը»:

Նրա խոսքով՝ իշխանությունը ժողովրդի թիկունքում ոչինչ չի պայմանավորվում. «Մեր իշխանությունը երևի ամենաբաց իշխանություններից մեկն է, ամեն ինչ կոմունիկացնում ենք: Երեկվա քայլն էլ նույն տրամաբանության մեջ էր»,- ընդգծեց նա:

Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, որ եթե սահմանի սահմանազատում և սահմանագծում դեռ չի եղել, ինչու ենք այս ճանապարհը կամավոր տվել թշնամուն, Գրիգորյանն ասաց. «Ընդհանուր ողջախոհության տրամաբնության շրջանակ կա, որն արժե է պահպանել նաև քաղաքակնության մեջ»: