
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը հետաքննում է Շուշիի մոտակայքում տեղի ունեցած միջադեպը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննում է Շուշիի շրջանում տեղի ունեցած միջադեպը:
Այս մասին ասված Է ՌԴ պաշտպանության նախարարության նոյեմբերի 9-ի տեղեկագրում։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Նոյեմբերի 8-ին Շուշայի (Խմբ.՝ Շուշի) շրջանում ադրբեջանական կողմից գնդակոծվել է Լեռնային Ղարաբաղի աշխատանքային խումբը, որի արդյունքում երեք մարդ վիրավորվել է, իսկ մեկը սպանվել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ միջադեպի հետաքննություն է վարում», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի բերդաքաղաքի մոտակայքում ադրբեջանական կողմը գնդակոծել էր ջրատարի վրա աշխատանքներ իրականացնող Արցախի քաղաքացիներին: Գնդակոծության հետևանքով Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել չորս քաղաքացիներ, որոնցից մեկը մահացել է։