Երիտասարդության շրջանում մահվան դեպքերը շատացել են. Ավանեսյան

Կորոնավիրուսի դելտա շտամը որոշակի ծանր ընթացք է ունենում նաև երեխաների մոտ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ այս տարի ունենք նաև ընդհանուր սուր շնչառական հիվանդությունների աճ. «Անցած տարի կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները բերել էին շարժերի կտրուկ նվազման, ինչն իր հերթին հանգեցրել էր մանկական այլ ինֆեկցիաների, վարակների նվազեցման, բայց այս տարի համակցված իրավիճակ ունենք»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը սարսափելի է։ Մահաճակալային ֆոնդն այս պահին ամբողջությամբ օգտագործվում է։

Երիտասարդների շրջանում նույնպես կան հիվանդության ծանր ընթացքով և նույնիսկ մահացության ելքով դեպքեր։

«Եթե նախորդ շտամերի ժամանակ այն երիտասարդների շրջանում, որոնք քրոնիկ հիվանդություններ չունեին, մահվան դեպք չենք ունեցել, այս տարի կտրուկ՝ 1-2 օրվա ընթացքում հիվանդության զարգացում ենք ունենում և մահվան դեպքեր են գրանցվում»,-նշեց Ավանեսյանը՝ հավելելով, որ այս տենդենցն առկա է ամբողջ աշխարհում։

Քաղաքականություն