Մարդկանց կյանքը վատանալու է. 2022-ի. բյուջեի նախագիծը հստակ ուղերձ է. Նաիրի Սարգսյան
Այո՛, հնարավոր է ՀՀ-ն զարգացնել, բայց այն եղանակով, որով գործող կառավարությունն այսօր գնում է, տանում է տապալման։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։
Նրա խոսքով՝ մեր տնտեսությունն իներցիայով շարժվելու է առաջ, բայց կառավարությունը դա իրեն չպետք է վերագրի, որովհետև բիզնեսմենը կառավարության փոխարեն մտածում է, նա մտածում է իր, իր ընտանիքի, իր թիմի, իր բաժնետերերի բարեկեցության մասին և նա պատասխանատու է նրանց առաջ։ Այդ իներցիայի արդյունքում բնակչության որոշակի մաս ունենալու է նորմալ եկամուտներ, մյուս մասը հազիվ գոյատևելու է։
«2022 թվականի բյուջեի նախագիծը հստակ ուղերձ է մարդկանց, որ դուք հաջորդ տարի ավելի վատ եք ապրելու, որովհետև նվազագույն աշխատավարձի աճ չի նախատեսվում, միջին աշխատավարձի աճ չի կանխատեսվում, իսկ գնաճ կանխատեսվում է 5.6%։ Սա նշանակում է, որ առաջնային անհրաժեշտության ապրանքների արժեքը բարձրանալու է 10 և ավելի տոկոսով։ Այս բարձրացման հիման վրա, նշանակում է, որ մարդը նույն եկամտի պայմաններում նախ 2021 թվականին է ձեռք բերում 20-ից 70% թանկացած ապրանք, ապա նաեւ 2022-ին է ձեռք բերելու ևս 20-30% թանկ ապրանք», - ասել է Սարգսյանը:






























