ՌԴ-ի հետ սերտ համագործակցելով հնարավո՞ր է բացվել դեպի Եվրոպա. Միրզոյանը պատասխանել է
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Nouvelles d'Arménie» ամսագրին։
Ամսագիրը հարցրել է` ըստ Ձեզ, ընդհանուր առմամբ, հնարավո՞ր է ռազմական առումով սերտ համագործակցել ՌԴ-ի հետ և միևնույն ժամանակ բացվել դեպի Եվրոպա։
Արարատ Միրզոյանը պատասխանել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները արձանագրված են կառավարության ծրագրում։ Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես արդեն առիթ եմ ունեցել նշելու, մենք ունենք դաշնակցային հարաբերություններ, և մեր բազմաշերտ համագործակցության կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում ռազմաքաղաքական, անվտանգային, ինչպես նաև տնտեսական, էներգետիկ, ենթակառուցվածքների, հումանիտար ու մշակութային ոլորտները։
Միևնույն ժամանակ, Հայաստանը կարևորում է ԵՄ ու ԵՄ անդամ-երկրների հետ տարբեր ձևաչափերում փոխշահավետ և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված համագործակցության զարգացումը:
Այս առումով կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նշանակությունը։ Այս համընդգրկուն փաստաթուղթը ամուր իրավական հիմք է ստեղծում ՀՀ-ԵՄ գործընկերության, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների հետ համագործացության համար։ Համաձայնագրի արդյունավետ կիրարկումը կամրապնդի համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ արդարադատությունը, անվտանգությունը, տնտեսությունը, գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքները, շրջակա միջավայրը և կլիման, կրթությունը և գիտությունը, մշակույթը, առողջապահությունը և այլն։
Արևելյան գործընկերությունը նույնպես համագործակցության շատ կարևոր և ամուր հարթակ է, և մենք շարունակում ենք մեր ակտիվ ներգրավվածությունն ու աշխատանքը՝ ձևաչափի ներառականության ամրապնդման և համագործակցության խորացման ուղղությամբ։






























