
«Գնա ֆորմեդ հանի, արի կանգնի մեր կողքը». կորած և զոհված զինծառայողների հարազատները` ոստիկանին

Գրել էինք, որ Կառավարության շենքի մոտ քիչ առաջ հերթական բողոքի ակցիան է մեկնարկել։ Գրում է Հրապարակը: Հերթական անգամ այստեղ ակցիա են իրականացնում անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, նրանք հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ, պնդում են, որ մեղավորները պիտի պատժվեն, բայց իրավապահ մարմինների անգործության արդյունքում մեղավորների բացահայտման պրոցեսում սայլը տեղից չի շարժվում։ Այժմ նրանք փակել են Տիգրան Մեծի հատվածը, իսկ ոստիկանությունը փորձում է համոզել ծնողներին բացել փողոցը, արդեն մեծ խցանում է առաջացել։
«Գնա ֆորմեդ հանի, արի կանգնի մեր կողքը»,- ասաց ծնողներից մեկը՝ դիմելով բանակցող ոստիկանին։ Վերջինս հակադարձեց, թե ինքը համազգեստով էլ իրենց կողքին կարող է կանգնել։
Նշենք ,որ ծնողները վճռական են տրամադրված, ասում են՝ համբերության բաժակն արդեն լցվել է ։
Նշենք նաեւ, որ ծնողները օրերս հանդիպել էին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։ Մինչ մեզ Քննչականից պնդում էին, թե Քյարամյանը տվել է ծնողներին հուզող բոլոր հարցերի պատասխանը, ստացվում է, որ իրականում հանդիպումն այլ ընթացք է ունեցել, ծնողները բավարարված չեն պատասխաններից, այլապես այսօրվա հերթական ակցիան անտրամաբանական կլիներ։