
Covid-19-ով հոսպիտալացված է 100 հղի, որոնցից ավելի քան 50-ի մոտ թոքաբորբ է ախտորոշվել. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է Հանրապետությունում կորոնավիրուսից մահացության բարձր մակարդակի պատճառները։
Ավանեսյանի խոսքով՝ կորոնավիրուսի «Դելտա» շտամը շատ ավելի ագրեսիվ է և ունի հիվանդության ավելի ծանր ընթացք։ Նաև վիճակի կտրուկ վատթարացում է նկատվում շատ երիտասարդ քաղաքացիների մոտ, որոնք չունեն քրոնիկ հիվանդություններ։
Նա ընդգծել է, որ այս շտամի հետ կապված հղիների շրջանում նույնպես հիվանդացության աճ է նկատվում. երկու բուժկենտրոններում այս պահին բուժվում է ավելի քան 100 հղի, որոնցից ավելի քան 50-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ։
Առողջապահության նախարարի խոսքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում պատվաստումների կտրուկ աճ է գրանցվել։ Ընդհանուր առմամբ հանրապետությունում իրականացվել է 817.290 պատվաստում։
Պատվաստանյութերի առաջին չափաբաժինը ստացել է ավելի քան 562.000 քաղաքացի (28%), երկրորդ դեղաչափով պատվաստվել է 254.000 քաղաքացի (12%)։
Անահիտ Ավանեսյանը նաև տվյալներ է հայտնել կորոնավիրուսով վարակված պատվաստված քաղաքացիների թվի մասին։
«Ներկայումս առկա 36938 ակտիվ դրական դեպքերից միայն 1872-ն է պատվաստված։ Նրանցից միայն 94-ն է հոսպիտալացվել, և միայն 7-ն է ծանր հիվանդ»,- ասել է նա։