
Ստամբուլից Համբուրգ թռչող ինքնաթիռում կորոնավիրուսով վարակված տղամարդ է մահացել

Ստամբուլից Համբուրգ թռչող Airbus A320 ինքնաթիռում 51-ամյա ուղևոր է մահացել, որը վարակված է եղել կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով գերմանական Hamburger Abendblatt թերթին։
T-online ինտերնետային պորտալի փոխանցմամբ՝ ինքնաթիռը Համբուրգում վայրէջք է կատարել հոկտեմբերի 25-ի կեսօրին։ Քաղաքի առողջապահության վարչության ներկայացուցիչը հաստատել է ուղևորներից մեկի մահը։
«Համբուրգ ժամանելուն պես նրան արդեն մահացած են գտել»,- մեկնաբանել է ներկայացուցիչը։
Լրատվամիջոցներին հաջողվել է նաև պաշտոնական հաստատում ստանալ, որ օդանավում մահացած ուղևորի ՊՇՌ թեստը, որը կատարվել է դատաբժշկական փորձաքննության շրջանակում, դրական է ստացվել։
Ավիաընկերությունը հրաժարվել է դեպքի վերաբերյալ այլ մեկնաբանություններ տալ՝ ընդգծելով, որ միջադեպին ներգրավված են ոստիկանությունը և առողջապահական մարմինները: