Հասարակություն

Քվեբեկում բուժաշխատողները դատի են տվել իշխանությանը՝ պարտադիր պատվաստման մասին վերջնագրից հետո

Gohar Vardanyan 150 դիտում
Քվեբեկում բուժաշխատողները դատի են տվել իշխանությանը՝ պարտադիր պատվաստման մասին վերջնագրից հետո

Կանադայում Քվեբեկ նահանգի Գերագույն դատարանը սկսել է ուսումնասիրել նահանգի բուժաշխատողների հայցն ընդդեմ տեղական իշխանությունների, որոնք վերջնագիր են ներկայացրել բուժանձնակազմին՝ մինչև նոյեմբերի 15-ը Covid-19-ի դեմ պարտադիր պատվաստում իրականացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է CBC հեռուստաալիքը։

 

Դատարանը վճիռ կկայացնի նոյեմբերի 15-ին: Առողջապահության ոլորտի չպատվաստված կամ իշխանություններին պատվաստումների վերաբերյալ անձնական տվյալներ տրամադրելուց հրաժարվող աշխատակիցների փաստաբանները հայտնել են, որ Քվեբեկի կառավարության որոշումն ավելի շատ վնաս կհասցնի տարածաշրջանի բնակչությանը, քան օգուտ:
 

Ավելի վաղ Քվեբեկի իշխանությունները հայտարարել էին, որ նահանգի բոլոր բուժաշխատողները պետք է մինչև հոկտեմբերի 15-ը պարտադիր պատվաստում անցնեն կորոնավիրուսի դեմ, հակառակ դեպքում կկորցնեն իրենց աշխատանքը, քանի դեռ չեն ավարտել իմունիզացիայի ամբողջական կուրսը։ Ավելի ուշ վերջնագրի ժամկետը հետաձգվեց մինչև նոյեմբերի 15-ը։
 

Հոկտեմբերի 13-ին Քվեբեկի առողջապահության նախարարը հայտարարել էր, որ տարածաշրջանի բժշկական հաստատությունների բոլոր աշխատակիցների 96%-ն ավարտել է պատվաստումների ամբողջական կուրսը, իսկ 21,9 հազար մարդ կամ չի ավարտել այն, կամ չի ընդունել պատվաստանյութի առաջին չափաբաժինը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից