Հասկանում եմ՝ գնաճի դեմ ոնց եք պայքարում. Էլինար Վարդանյանը՝ իշխանական պատգամավորներին

Քննարկում ենք մի նախագիծ, որը որևէ կերպ չի հիմնավորվում։ Մշակույթ է դարձել. ԱԺ բերում են նախագծեր, որոնց հիմնավորումը ոչնչի մասին է։ Ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Նախագծեր ներկայացնելիս հարգեք և՛ ԱԺ-ն, և՛ քաղաքացիներին։ Այստեղ ցիտատներ անելով՝ օրենքի նախագիծը չեն հիմնավորում»,-նշեց Էլինար Վարդանյանը։

Պատգամավորը կարծում է, որ կառավարությունը ծայրահեղության է գնում։ Ամանորյա տոները կրճատել հավանաբար պետք է, բայց ոչ այս տեսքով։ Վերջինս կասկածում է, որ նախարարությունը ծրագիրը ներկայացնելուց առաջ այն քննարկել է բոլոր շահագրգիռ գործարարների հետ։

«Ամանորյա տոներին Հայաստանում որևէ հյուրանոց դատարկ սենյակ չի ունենում։ Պատկերացնու՞մ եք՝ ինչ վնաս են կրելու հյուրանոցները, խոսե՞լ եք նրանց հետ։

Դիլիջանից հունվարի 2-ին գալու են աշխատանքի, հետո երեկոյան վերադառնան Դիլիջա՞ն։ Ասում եք՝ ժողովուրդը պարտք չի վերցնի։ Ձեր խնդիրը պայքարելն է, որ ժողովուրդը պարտք վերցնելու խնդիր չունենա, ոչ թե ասեք՝ տոները կրճատում ենք, որ պարտք չվերցնեն։

Հասկանում եմ՝ հիմա գնաճի դեմ ոնց եք պայքարում։ Ասում եք՝ տոները կկրճատենք, փող ծախսելու խնդիր չեք ունենա, այդպես էլ կպայքարենք, էլ ժողովուրդը չի նեղվի, որ ամեն ինչ թանկ է»,-ասաց պատգամավորը։

Քաղաքականություն