
«Իշխանությունները ծրագրում են Սաակաշվիլիին վերացնել բանտային խռովության ժամանակ». փաստաբանը սկանդալային հայտարարություն է արել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ծրագրվում է վերացնել բանտային խռովության ժամանակ: Նման հայտարարություն է արել ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաալիքի հիմնադիր, բանտարկյալի փաստաբան Նիկա Գվարամիան։
«Մեր տեղեկություններով՝ երկրի ներկայիս իշխանությունները ծրագրում են իրականացնել բանտում անկարգությունների իմիտացիա՝ Միխեիլ Սաակաշվիլիին այսպես կոչված բանտային հիվանդանոց տեղափոխելուց հետո, որը կավարտվի նրա վերացումով»,- ասել է Գվարամիան իր հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ բանտային հիվանդանոց արդեն տեղափոխվել են մի քանի բանտարկյալներ, որոնք պետք է դառնան խռովության նախաձեռնողները։
Փաստաբանը իշխանություններից պահանջում է առաջիկա մի քանի ժամում լուծել նախկին նախագահին հոսպիտալացնելու և բազմամասնագիտական կլինիկա տեղափոխելու հարցը, որտեղ հնարավոր կլինի ապահովել Սաակաշվիլիի անվտանգությունը։
Գվարամիայի խոսքով, հացադուլի 24-րդ օրը չի բացառվում կալանավորի սրտի կանգը։
Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: