Էրդողանն իր ելույթում թիրախավորել է Հայաստանն ու հայությանը
Այսօր՝ հոկտեմբերի 22–ին, Ստամբուլում մեկնարկել է Թյուրքական խորհրդի մեդիա ֆորումը՝ «Արմատներ գցած անցյալ, ուժեղ ապագա» կարգախոսի տակ։
Akunq.net–ի փոխանցմամբ՝ Էրդողանն ուղերձում մասնավորապես նշել է․ «Մեր օրերում սոցիալական մեդիայի տարածմանը զուգահեռ՝ ինչպես համայն մարդկությունը, այնպես էլ մենք հաճախ ենք ապատեղեկատվության ենթարկվում։ Ստահոդ և կեղծ լուրերի հետևանքով աշխարհում խորտակվում է միլիոնավոր անպաշտպան մարդկանց կյանքը․ նրանք լուրջ տրավմաներ ու դրամաներ են ապրում»։
Ուշագրավ է, որ Էրդողանի ուղերձում որպես մասնավոր օրինակներ բերվում են միայն Հայաստանն ու հայությունը։ Անդրադառնալով Արցախի վերջին պատերազմին՝ նա մասնավորապես նշել է․ «Թվայնացված ֆաշիզմի ավերիչ ազդեցությունից ոչ մի երկիր ու հասարակություն զերծ չէ։ 44 օր տևած Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում ականատես դարձանք երկերեսանի պահվածքի, որը ցույց տվեց այդ խնդրի՝ մեր երկրի համար ունեցած կարևորությունը։ Բոլորովին օրակարգ չբերվեցին Հայաստանի բանակի՝ քաղաքացիական բնակչությունը թիրախավորած կոտորածը և բալիստիկ հրթիռային հարձակումները։ Մեդիայի անկախության և օբյեկտիվության մասին ճամարտակող միջազգային մամլո օրգանները շարժվեցին Հայաստանի պաշտոնական լրատվական գործակալության նման։
Ղարաբաղի պատերազմը մեր երկրներին և թյուրքական աշխարհին առնչվող փաստերի դեմ կիրառված մեդիա էմբարգոյի միակ օրինակը չէ։ Մեր ունեցած տառապալի փորձի լույսի ներքո այլևս բոլորս կարողանում ենք պարզ ու հստակ կերպով տեսնել հետևյալ ճշմարտությունը․ինչպես որ արդյունաբերական ու ռազմական հարցերում հույսներս օտարերկրացիների վրա չենք դնում, այնպես էլ հաղոդրակցմանը վերաբերող խնդիրները ևս չենք կարող այլոց վստահել։ Որպես թյուրքական աշխարհ՝ պետք է այդ հարցում նախաձեռնողական լինենք, փորձի փոխանակում ունենանք, մեր ուժերը մեկտեղենք և որոնենք մեր ունեցած հնարավորություններն ամենաազդեցիկ ձևով օգտագործելու ուղիները»։
Այսպիով, Էրդողանը նախանշեց առաջիկա 2 օրը շարունակվելիք Թյուրքական խորհրդի մեդիա ֆորումի հիմնական ուղեգիծը։ Ակնհայտ են նաև այս ֆորումի միջոցով Էրդողանի՝ համաթուրանական բանակ կազմավորելու ակնկալիքները։
Հիշեցնենք, որ Թյուրքական խորհուրդը թյուրքախոս պետությունները միավորող միջազգային կազմակերպություն է, որի կազմում ընդգրկված են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Թուրքիան։ Ուշագրավ է, որ սույն կազմակերպությունը հիմնվել է 2009 թ․, Նախիջևանում։ Դիտորդի կարգավիճակում ֆորումին մասնակցում է նաև Հունգարիան։ Ակնկալվում է, որ հետագայում կազմակերպությանը կանդամակցեն նաև Թուրքմենստանը և ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայա...
Ալիևի հայտարարությունը՝ Կովսականը գրավելու և Լաչինի միջանցք մտնելու մասին
«Ուղիղ մեկ տարի առաջ մեր բանակը ադրբեջանական դրոշը բարձրացրեց Զանգելանում (Կովսական): Զանգելանի ազատագրումից հետո, մեզ հ...
ՆԱՏՕ-ն պատասխանել է Ռուսաստանից հնչող՝ հնարավոր պատերազմի մասին սպառնալիքներին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող խանգարել Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցությանը...