Բաքու-Թեհրան լարվածության հետևում ավելի հզոր ուժեր են կանգնած, քան Ադրբեջանն է․ Վիկտոր Նադեին-Ռաևսկի
168․am-ը տարածաշրջանում ձևավորվող բարդ ռազմաքաղաքական միջավայրի, տարածաշրջանային խաղացողների փոխհարաբերություններում ի հայտ եկած խութերի վերաբերյալ զրուցել է արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկիի հետ։
Արևելագետը վերջին զարգացումների համատեքստում կարծիք է հայտնել, որ Բաքու-Թեհրան լարվածության հետևում ավելի հզոր ուժեր են կանգնած, քան Ադրբեջանն է:
Նրա խոսքով, տարածաշրջանային իրավիճակում էական դերակատարություն ունեն թե՛ Իրանի ավանդական խնդիրները ԱՄՆ-ի, Իսրայելի հետ, թե՛ նոր խնդիրները տարածաշրջանում․ Իրանը ևս տեսնում է, որ պատերազմից հետո Թուրքիայի ազդեցությունը ռեգիոնում աճել է, Ադրբեջանը սերտ համագործակցում է Իսրայելի հետ և իր մարտավարությունը փոխում է, կոշտացնում է դիրքորոշումը, որպեսզի կարողանա այս և ավելի մեծ ռեգիոնում պահել իր շահերը:
«Բնականաբար, ռազմական գործոնն ամրապնդելը այն քայլերից է, որն Իրանը ճիշտ համարեց անել, քանի որ Հարավային Կովկասում Իրանը երբեք ուժի բաղադրիչը որևէ նպատակով չի կիրառել, այնինչ իր հարևանությամբ Թուրքիան ու Իսրայելը ռազմական ուժ են կուտակում ու մեծացնում։ Սա Իրանի տեսանկյունից մտահոգիչ է՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք ունի Իրանը Իսրայելի, ԱՄՆ-ի և մերձավորարևելյան այլ երկրների հետ:
Այս փուլում որևէ սուր սցենար կանխատեսելի չէ, սակայն բարդ գործընթացները, բարդ ու խառը դիմակայությունները շարունակվելու են ռեգիոնում ազդեցության համար, Իրանի շուրջ լարվածությունը ևս, ամենայն հավանականությամբ, կպահպանվի, քանի որ այն իրավիճակը, որը կա տարածաշրջանում պատերազմից հետո, Իրանին ձեռնտու չէ:
Իրանում հասկանում են, որ Թուրքիան գնում է Մեծ Թուրանի ծրագրի իրականացմանը, որի կարևոր բաղադրիչը Ադրբեջան-Նախիջևան կապն է, ինչի համար այժմ պայքարում են: Սա մեծ անհանգստության առիթ է, անվտանգային նոր իրավիճակ՝ Իրանի համար նոր սպառնալիքներով: Թուրքիայի կոշտ որակումները ևս պայմանավորված են այն հանգամանքով, որ Իրանը դեմ է այս ծրագրերին», - ասել է Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Իրանի համար բավականին բարդ դասավորվածությունը այդ երկիրը, ըստ Նադեին-Ռաևսկիի, փորձում է հաղթահարել թե՛ տեղում, թե՛ Մոսկվայի հետ կապերը խորացնելով, թե՛ միջուկային գործարքի հարցում փորձելով ճիշտ քաղաքականություն որդեգրել, թե՛ տարածաշրջան բերել այլ երկրների Ասիայից:
«Փոքր երկրների որոշումներից ևս շատ բան է կախված լինելու: Ինչպե՞ս կամ աշխատելո՞ւ է արդյոք «3+3» ձևաչափը, որին նախատեսվում է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իրանի, Ռուսաստանի մասնակցությունը, կամ ինչպե՞ս է ԱՄՆ-ը վերաբերվում այս ծրագրին և ինչպե՞ս է դիրքավորվելու: Այս ամենը պարզելու համար հարկավոր է, որ որոշ գործընթացներ տեղի ունենան», - ասել է նա: