Մարդիկ, ովքեր ժամանակին խոսում էին ընտրակաշառքից, այսօր այդ գործիքն ակտիվ օգտագործում են. պատգամավոր

ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ինչ մեթոդներով է պատկերացնում իր գոյությունը և իշխանության երկարաձգումը: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը արձանագրելով, որ երեկ ՏԻՄ ընտրությունների ընթացքում տիրում էր «տոտալ վախի մթնոլորտ ՝ ստի չափաբաժիններով համեմված».

«Ակնհայտ է, որ մարդիկ, ովքեր ժամանակին խոսում էին ընտրակաշառքից, այսօր այդ գործիքն ակտիվ օգտագործում են։ Բազմաթիվ լրատվամիջոցներում հրապարակվել են դեպքեր, թե ինչպես են ՔՊ-ականները հենց փողոցում գումար բաժանում, ինչպես են իրենց մարզպետները օգնության և օժանդակության անվան տակ քաղաքացիներին ընտրություններից 1-2 օր առաջ տրամադրել գումարներ, ինչպես էին երեկ տեռորով փորձում վախեցնել բոլոր համայնքներում գործող ընդդիմադիրներին, ովքեր իրենցից ներկայացնում էին ուժ և կարող էին խնդիր ստեղծել իշխանության համար»,- ասաց պատգամավորը հավելեց որ իշխանությունն իր պահպանությունը տեսնում է միայն վախի մթնոլորտի ուժգնացմամբ, իսկ իրավապահները կատարում են Նիկոլ Փաշինյանի հրահանգները, որոնք կապ չունեն օրենքի հետ, պարզապես միտված են «Նիկոլի ցանկություններն իրականացնելուն»:

Աննա Մկրտչյանը միևնույն ժամանակ արձանագրեց, որ վախի մթնոլորտի ստեղծումը, սուտը և կեղծիքը շատ դեպքերում հակառակ ազդեցություննն են ունենում

«Ականատես եղանք փաստացի դիմադրության, այնտեղ, որտեղ իշխանությունը երեկ չի կարողացել հասնել իր ցանկացած հաջողությանը, դա պարզապես քաղաքացիների դիմադրության արդյունք է եղել, քանի որ իշխանության կողմից որևէ հնարավորություն բաց չի թողնվել՝ օգտագործելու բոլոր լծակները, որպեսզի ցույց տան, որ Հայաստանում կարող են անել այն, ինչ ուզում են՝ անկախ օրենքից և օրինականությունից»,-ասաց պատգամավորը:

Քաղաքականություն