Իշխանությունը լուրջ չի գնահատում իրավիճակը, որն այսօր տիրում է Հայաստանում և Հայաստանի շուրջ. Սեյրան Օհանյան
Հոկտեմբերի 16-ին 168.am-ը տեղեկացրել էր, որ Հատուկ քննչական ծառայությունը թույլ չի տվել «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հարցերով նիստին:
«Հայաստան» դաշինքն այս առնչությամբ տարածել էր հաղորդագրություն, որում ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել վաղեմության ժամկետն անցած քրեական հետապնդման շրջանակներում:
«ՀՔԾ քննիչ Բ.Չիլինգարյանի վարույթում է գտնվում, այսպես ասած, ՁորաՀԷԿ-ի գործը, որով պարոն Սեյրան Օհանյանը մեղադրյալ է, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն: Այդ գործով քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը մոտ մեկ տարի առաջ լրացել է, այսինքն՝ այդ գործով ինչ էլ հաստատվի, պարոն Օհանյանը քրեական պատասխանատվության չի կարող ենթարկվել»,- իր հերթին՝ մանրամասնել էր Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:
Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՔԾ որոշմանը՝ նշեց, որ ՀՀ իշխանությունների, քաղաքական մեծամասնության որոշումները և գործողություններն ադեկվատ չեն այն իրողությանը, որ գոյություն ունի տարածաշրջանում, Հայաստանի, Արցախի շուրջ, ապա մանրամասնեց.
«Ես պետք է մասնակցեի ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հանձնաժողովի աշխատանքներին, որի կազմում եմ ընդգրկված: Բավականին լուրջ հարցեր, խնդիրներ կան, որոնք վերաբերում են անվտանգության համակարգին, պաշտպանության ոլորտին, և ինձ համար անհասկանալի է՝ ինչու են պատգամավորի իմ պարտականությունները սահմանափակում, ինչու են սահմանափակում այն անձնավորության մասնակցությունն այդ հանձնաժողովի աշխատանքներին, որը կարող է լուրջ դերակատարում ունենալ քննարկվող հարցերում, որոշումներ ընդունելու մեջ՝ դրանով նաև բարձրացնելով մեր հանրապետության իմիջը:
Եվ ինձ համար անհասկանալի է քննիչի պատասխանը. քննիչը երկար շարադրում է գործի էությունը, որը վաղեմությունն արդեն կորցրել է, ասում է, որ ԱԺ ղեկավարությունը դիմել է, որ ես գործուղվեմ այդ աշխատանքներին մասնակցելու, և վերջում`ինչ-որ աբսուրդ որոշում, թե միջնորդությունն անհիմն է: Դրանից ավել էլ ի՞նչ հիմնավոր միջնորդություն պետք է լինի, որի մեջ գրված է, որ Սեյրան Օհանյանը՝ որպես «Հայաստան» խմբացկության պատգամավոր, պետք է մասնակցի ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հարցերով նիստին:
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս իշխանությունները լուրջ չեն գնահատում այն իրավիճակը, որն այսօր տիրում է Հայաստանում և Հայաստանի շուրջ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
Պարտվել եմ հեղափոխությունը տապալած քաղաքական ուժին և օրեցօր արմատացող առուշանյանական կլանին․ Նարե Հովհաննիսյան
Հոկտեմբերի 17-ին Գորիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ներկայացրած Նարե Հովհա...
Փաշինյանի աշխատակազմը խախտել է օրենքը․ պատգամավոր
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինձ դիմած մի...
Մհեր Գրիգորյանը՝ սահմանին գազի գնի ու ՀՀ տարածքում գործող սակագնի մասին
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դիտարկմամբ՝ գազի գնի շուրջ բանակցությունները անընդհատ շարունակվող պրոցես է։«Իրական...