Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը գիշերն ազատ է արձակվել

Սիսիանի նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը գիշերն ազատ է արձակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը։

Նշենք, որ Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը կալանավորվել էր ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, ինչպես խոստացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընտրությունների քարոզարշավի ժամանակ՝ հայտարարելով, թե «բունտար համայնքապետերին սպասվում է քրեական օրենսգիրքն ու քրեակատարողական հիմնարկը»։

Սյունիքի համայնքապետերին, որոնք բարձրացնում էին իրենց տարածաշրջանի անվտանգային հարցերն ու ընդդիմանում առանց որեւէ իրավական հիմնավորման ու բնակիչների կյանքն ու անվտանգությունը հաշվի առնելու հողերը թշնամու հսկողությանը հանձնելու ՀՀ իշխանությունների գործողությունների դեմ, Նիկոլ Փաշինյանը հորդորել էր ինքնակամ պառկել ասֆալտին և սելֆի անել։

Նախաքննության ընթացքում պաշտպանության կողմը բազմիցս բարձրաձայնել է Սարգսյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, սակայն Սարգսյանի կալանավորումը փոխվեց միայն գործը՝ դատարան ուղարկելուց հետո։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, գործը դատաքննության նախապատրաստելիս քննարկել է Արթուր Սարգսյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը և բավարարել այն՝ գրավի չափ սահմանելով 20 մլն դրամը։

Միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ վաղեմության ժամկետները մոտենում են ավարտին, իսկ այդ ծավալի գործի քննությունը չի կարող երեք ամսում ավարտվել, հետևաբար, Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքին համահունչ, Արթուր Սարգսյանը պետք է ազատ արձակվի։

«Մեկ-երկու անգամ դատարաններն ականջալուր չեղան մեր ծանրակշիռ փաստերին։ Երեկ դատարանը վերջ ի վերջո հաշվի է առել այդ բոլոր հանգամանքները և կիրառել գրավը»,- նշեց փաստաբանը։

Բացի այդ՝ քրեական գործի նախաքննության ավարտով պայմանավորված էականորեն նվազել էր նաև գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, հետևաբար, գրավը՝ որպես խափանման միջոց կարող է բավարար լինել։

Գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Սիսիանի արդեն նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մաս (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով:

Մեղադրյալի կարգավիճակում են նաև Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետը՝ Գրետա Թունյանը, Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Նունե Գասպարյանը, Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Գոռ Մանուչարյանը։

Քրեական գործն այժմ գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի վարույթում։

Քաղաքականություն