Աֆղանստանի հյուսիս-արևելքում կատաղի մարտեր են ընթանում

Միանգամից մի քանի աղբյուրներ, որոնք մոտ են կանգնած հակաթալիբյան Ազգային դիմադրության ճակատին, հաղորդել են, որ հոկտեմբերի 15-ի առավոտից շարունակվում են մարտական բախումները Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Բալխ նահանգի Անդարաբի հարթավայրում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ներկայում Անդարաբում կատաղի մարտ է ընթանում թալիբների և Ազգային դիմադրության ճակատի միջև: Երկու կողմից կան զոհեր, նրանց ստույգ թիվը հայտնի չէ»,-ասվում է Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Աղբյուրների խոսքով՝ մարտական բախումներ են ընթանում Բաղլան նահանգի Փուլի-Հիսար և Դիհ-Սալահ գավառների տարածքներում. թալիբները, ունենալով ավելի քան 60 սպանված, նահանջել են, կորուստներ կան նաև Ճակատի մարտիկների շրջանում, հաղորդվում է նրանց երկու դաշտային հրամանատարների զոհվելու մասին: Թալիբները դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը, բայց սոցիալական ցանցերում զետեղված են տեսանյութեր, թե ինչպես են «Թալիբան»-ի զինյալների շարասյուներն ուղևորվում Անդարաբի հարթավայր:

Մինչդեռ թալիբների պաշտպանության նախարարությունը Twitter-ում հայտարարել է, որ Աթաուլլա Օմարին նշանակվել է «Մազարի-Շարիֆ» կորպուսի հրամանատար: Կորպուսի շտաբը տեղակայված է աֆղանական «Շահին» ազգային բանակի նախկին 209-րդ կորպուսի բազայում, որը գտնվում է Բալհ նահանգի կենտրոնի՝ Մազարի-Շարիֆի, արվարձանում և պատասխանատու է երկրի հյուսիսի անվտանգության համար:

Քաղաքականություն