
Միջպետական սկանդալ կլինի՞, եթե Դավիթ Տոնոյանը սկսի խոսել. պաշտպանը արձագանքում է լուրերին․ ArmDaily

Երեկ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Պաշտպանության նախկին նախարար Դավթի Տոնոյանը «սպառնում է, որ կխոսի պատերազմի պարտության և ազգային խայտառակության մասին ու դրա արդյունքում միջպետական սկանդալ կլինի»։
ArmDaily.am-ի հետ զրույցում Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանն, անդրադառնալով գրառմանը, ասել է, որ լավ կլինի՝ Սամսոնյանը ասի, թե իրեն որտեղից այդ ինֆորմացիան։
«Եթե նման բան գիտի՝ թող համապատասխան իրավասու մարմիններին դիմի և միջոցներ ձեռնարկեն այդ ուղղությամբ»,- ասաց պաշտպանը։
Նշենք, որ Սամսոնյանը հայտնում էր 2020 թվականի օգոստոսին Տոնոյանի և ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգույի խոսակցության մասին, որի ընթացքում Շոյգուն ասել է, թե թուրք ադրբեջանական հարձակում է նախապատրաստվում Հայաստանի դեմ և, որ այդ դեպքում ռուսական միջամտությունը ուղղակի չի լինելու։
Պաշտպանը նշեց, որ առաջին անգամ է լսում այս մասին։ «Կծանոթանամ հրապարակմանը, բայց չեմ կարծում, որ իրենից լուրջ բան է ներկայացնում»,- ասաց պաշտպանը։
Ինչ վերաբերում է օրեր առաջ պաշտպանական կողմի հայտարարությանը, որ Դավիթ Տոնոյանը տիրապետում է տեղեկատվության մեծ ծավալի, Հովհաննիսյանը նշեց, որ մտադիր չէ այս պահին այդ հայտարարությունը մեկնաբանել։
«Դրա հետ մեկտեղ նշված հայտարարությունը ամենատարբեր մեկնաբանությունների է արժանանում, ընդհուպ մինչև ամենածայրահեղ։ Ում մտքով ինչ անցնի գրում են, և դա ընդունվում է որպես փաստ։ Եկեք սպասենք, ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի, կհաստակեցվի, թե ինչ նկատի ուներ պարոն Տոնոյանը։ Մեկնաբանողները ժամանակի ընթացքում կստանան իրենց պատասխանները։ Հայտարարության իմաստը կայանում էր նրանում, թե ինչու պարոն Տոնոյանը այժմ չի ցանկանում ցուցմունք տալ»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ այս պահին ավել մեկնաբանության կարիք չկա։
Նա նաև տեղեկացրեց, որ վաղը ժամը 14։00-ին Վերաքննիչում տեղի է ունենալու գործի քննությունը՝ կալանավորման դեմ։ Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն տեղի չի ունեցել, իսկ նրա առողջական վիճակը շատ լավ է։