Ինչ փոփոխություններ է ցանկանում անել նախարարը հանրային սննդի ոլորտ այցելելու դեպքում

Օրեր առաջ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ Առողջապահության նախարարությունը մշակում է ժամանցի վայրեր այցելելու համար պարտադիր պատվաստման կամ թեստավորման պահանջի նախագիծ։

Այս հայտարարությունը չափազանց վատ արձագանք էր ստացել ոլորտի ներկայացուցիչների շրջանում, ովքեր ահազանգում են, որ նման սահմանափակումները կոլապսի կենթարկեն ողջ ինդուստրիան, առանց այդ էլ ռեստորանային, հյուրանոցային ոլորտը ամենից շատ տուժածն է կորոնավիրուսի հետեւանքով, այժմ էլ դրան գումարվել է սեզոնային պասիվությունը։

 

ArmDaily.am-ի հայտնի դարձավ, որ համապատասխան որոշման նախագիծն արդեն պատրաստ է, այն շրջանառության մեջ է մի շարք հիմնարկներում։ Փաստաթղթի ներկա տարբերակում նշված է, որ հանրային սննդի գործունեության ոլորտ թույլատրվում է այցելել միայն կորոնավիրուսային հիվանդության թեստավորման 72 ժամվա վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու կամ էլ ամբողջական պատվաստված լինելու դեպքում։ Սա նշանակում է, որ չպատվաստվող քաղաքացիները ստիպված կլինեն ոչ թե 14 օրը մեկ թեստ հանձնել, այլ երեք օրը մեկ, եթե օգտվում են հանրային սննդի ոլորտներից, կամ էլ առհասարակ չայցելել ոչ մի տեղ,իսկ թե այդպես ինչ մեծ տնտեսական վնասներ կհասցվի ոլորտին, ինչ կորուստներ կլինեն՝ էկոնոմիկայի նախարարությունում լավ գիտեն։

Փաստորեն՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Առողջապահության նախարարության ամեն հաջորդ քայլը ավելի կոշտ խստացում, սահմանափակում է, ամրագոտիները ձգում են ինչքան կարող են, պատճառները պարզ են՝ օրական վարակվածության ցուցանիշը 1000-ից հատում է, իսկ մահվան դեպքերը վաղուց արդեն մի քանի տասնյակ են։ 300 հիվանդ սպասում է հոսպիտալացման իր հերթին, պետության ռեսուրսները անսահմանափակ չեն, պատվաստումն էլ եթե չի կանխում վարակվելուց, ապա գոնե թույլ է տալիս թեթեւ տանել վարակը եւ հիվանդանոց չընկնել։

Բոլոր խստացումները ուղղված են համընդհանուր պատվաստումներ ապահովելուն, իսկ թեստավորումը ընդամենը լրացուցիչ բեռ, ծախս է, որով «պատժում են» չպատվաստվածին, այն ոչ պաշտպանում է վարակվելուց, ոչ էլ կանխում վարակը տարածելը։

Քաղաքականություն