Ծնողներն ահազանգում են՝ ուսուցիչների մեջ կորոնավարակակիրները շատ են․ ինչ է ասում ԿԳՄՍ-ն

Չնայած քովիդով պայմանավորված հակահամաճարակային խստացումներին թեստավորման ու պատվաստման պահանջին՝ այդուհանդերձ, դպրոցներ կան, որտեղ ուսուցիչների վարակվածության հաճախակի դեպքեր են արձանագրվում։ Ընդ որում՝ վարակված ուսուցիների մեջ կան նաև պատվաստված ուսուցիչներ։ ArmDaily.am-ը գրում է, որ այդ մասին ահազանգեր են ստացել քաղաքացիներից։

 

«Եթե պատվաստումը չի ապահովագրում, ապա էլ ինչու են պարտադրում անպայման պատվաստվել։ Երկու երեխա ունեմ, տանում եմ դպրոց, գնում աշխատանքի, դեռ տեղ չհասած գրում են, թե բա՝ ժամը 10-ին երեխաներին պիտի վերցնեք՝ ուսուցիչներից մեկը վարակված է։ Հետո՞, աշխատանքը թողնենք՝ վազենք երեխաների դպրոցից վերցնելու։ Մի քանի օրից էլ բոլորը պետք է թեստերի պատասխաններով գան դպրոց, սարսափում եմ, որ մտածում եմ, թե ուսուցիչների քանի տոկոսը կարող է դրական արդյունքով թեստ բերել ու դրա արդյունքով քանի դպրոց կարող է կրկին անցնել հեռավարի։ Մի անգամ հեռավարով սովորել ենք՝ դրա արդյունքները գիտենք։ Նորից անգրագիտության են դրդելու երեխաներին»։

 

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանն լրատվականի հետ զրույցում ասաց, որ թեև Առողջապահության նախարարության չափորոշիչներում նշվում է, որ դպրոցում վարակվածության 10 տոկոսի դեպքում անցում պետ է կատարեն հեռավարի, բայց դպրոց կա, որ թեև 10 տոկոսին չի հասնում, բայց ինչպես օրինակ թիվ 29 դպրոցում է՝ ուսուցիչներից 3-ը մտնում են 17 դասարան։ Այսինքն, այդ ուսուցիչները պետք է տանից աշխատեն ցանկացած պարագայում։ Այդ դեպքում՝ այդ դասարաններն անցնում են հեռավար ուսուցման։ «Հեռավարը օրենքով սահմանված կրթության ձև է, եթե անգամ 10 տոկոսը չի անցնում, մենք դպրոցներին ասում ենք տեղեկացրեք մեզ պարտադի ու անցեք հեռավարի։ Այս պահին ամբողջությամբ հեռավարի անցել են թիվ 29 ավագ դպրոցը և Մարտունու ավագ դպրոցը։ Մինչև այս պահը՝ 4 դպրոց կար, որ մինչ այդ պահը հեռավար կրթության էին անցել, հիմա արդեն վերադարձել են առկա ուսուցման»։

 

Հարցին, թե քանի դպրոց կա, որտեղ առանձին դասարաններ անցել են հեռավարի՝ նա նշեց, որ այդ թիվը փոփոխվում է, մեկը վերադառնում է, մյուսն անցնում է հեռավարի, հետևաբար այդ վիճակագրությունը մշտապես փոփոխվում է։

Նա ընդգծեց նաև, որ քանի որ այդ պահին սեզոնային գրիպի մեծ տարածվածություն կա՝ մարդիկ արդեն անգամ սեզոնային գրիպի պարագայում ավելի զգուշավոր են ու չեն ուղարկում երեխային դպրոց։

 

Հարցին, թե արդյոք 10 տոկոս շեմի վերանայման կարիք չի տեսնում՝ նա ընդգծեց, որ հիմա արդեն հեռավարով կարելի է հանգիստ ուսուցում իրականացնել, թեև դրա արդյունավետությունը 100 տոկոս չի, բայց հաշվի առնելով, որ որևէ այլ ոլորտում կամ բնագավառում սահմանափակումներ չկան, ապա նախարարությունը հակված է, որ կրթությունն այս տարբերակով շարունակվի։ «Առավել նպատակահարմար է, որ այն դասարանները կամ դպրոցները, որտեղ ռիսկի գործոնը բարձրանում է, գնան հեռավարի, հետո կրկին վերադառնան։ Հատկապես, որ չգիտենք, թե երբ կավարտվի էս ամեն ինչը։ Հիմա մենք ունենք կարգավորումներ, որոնք մեր գործը բավական հեշտացրել է»։

 

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանն ArmDaily.am -ի հետ զրույցում ասաց, որ քանի որ ԿԳՄՍ նախարարությունից կարծիք են ստացել, որ հեռավարի անցումը շատ է ազդում կրթության որակի վրա, որպեսզի ողջ հանրապետությունով մեկ դասապրոցեսը չխաթարվի՝ իրենք լոկալ հեռավարների անցման որոշումներ են կայացրել։ «Այն դպրոցները, որտեղ վարակվածների շեմը անցնում է 10 տոկոսից՝ անցնում են հեռավարի։ Ես չգիտեմ, այդ տոկոսը կվերանայվի, թե ոչ, ամեն ինչ կախված է համաճարակաբանական իրավիճակից։ Այդ մասով մենք ճկուն ենք և փորձում ենք արագ արձագանքել իրավիճակին և իրավիճակային որոշումներ կայացնել, որը կարծում եմ քովիդի դեպքում լավ տաբերակ է։ Երբ իրավիճակը շտկվի՝ կարծում եմ, այդ դպրոցները նորից բնականոն դասապրոցեսի կանցնեն»։

 

Անդրադառնալով պատվաստված ուուցիչների վարակվածության դեպքերին՝ նա նշեց, որ չեն բացառում, որ պատվաստումների դեպքում, չեն վարակվում։ «Բայց մենք խոսում ենք հավանականության պակասի մասին։ Պատվաստվածների վարակվելու ռիսկը 3 անգամ նվազում է։ Հասարակ մի բան, եթե սենյակ է մտնում քովիդով վարակվածը, իսկ սենյակում 4 հոգի ներկա լինեն՝ 3-ը, որ պատվաստված չեն՝ դելտա շտամի դեպքում միանշանակ կվարակվեն, իսկ 4-րդի դեպքում, եթե նա պատվաստված է, հավանականությունը, որ կվարակվի 3 անգամ նվազում է։ Սա համաշխարհային վիճակագրություն է, մենք հետևում ենք եղած ստատիստիկային։ Սա համընդհանուր խնդիր է ու Հայաստանը մենակ չի պայքարում սրա դեմ։ Ամբողջ աշխահում գիտական համայնքը փորձում է տարբերակներ գտնել ու այդ տարբերակները անընհատ փոփոխվում են, որովհետև քովիդը իրավիճակային մոտեցում է պահանջում»։

Քաղաքականություն