Կառավարության շենքի մոտ մարդաշատ է․ քաղաքացիները բողոքի են դուրս եկել

 


Ես Հադրութի շրջանի Տող գյուղից եմ, որը 16-ից-18-րդ դարերում եղել է Դիզակի մելիքության կենտրոնը: Այսինքն սեփական բանակ է ունեցել, ծխախոտի և գինու արտադրությամբ է զբաղվել մինչև Շուշիի բերդաքաղաք դառնալը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ասաց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Հադրութի բնակիչներից մեկը: 

 

«Ես այդ գյուղում եմ ծնվել, քարը քարին դրել, տուն կառուցել և երկար տարիներ դպրոցն եմ ղեկավարել: Դավաճանության պատճառով ստիպված էինք լքել մեր գյուղը: Հանձնվեց Հադրութը, հույս կար, որ Տողը անպարտելի է, քանի որ թուրք-մոնղելները 28 անգամ հարձակվել էին այդ գյուղի վրա ու նրանց երբեք չի հաջողվել վերցնել գյուղը: Գյուղացիները նրանց հետ են շպրտել: Տողն անպարտելի էր, բայց այսօր շատ եմ ցավում՝ այն չկա: Զարմանում եմ մեր իշխանավորներից, որ մի անգամ չլսեցի օկուպացված բառը, որ Հադրութն օկուպացված է, որ Շուշին օկուպացված է, կարծես թե այդպես էլ պետք էլ իներ»,-նշեց նա:

 

Հադրութցի բնակիչը պատասխանելով այն հարցին, թե հիմա որտեղ է նա ապրում, պատասխանեց, որ ինչպես շատերը, այնպես էլ ինքը ապաստան են գտել Հայաստանում:  «Ես ապրում եմ Երևանում, վարձով»:

 

«Նախորդ անգամ ասացին, որ ծրագրում են սոցիալական հարցերը լուծել, ժամանակավոր օգնություն տրամադրել: Որոշել են մեկ շնչին ամսական 25-հազարական դրամ տալ: Ասացին՝ կոմունալները կփակեք, տան վարձերը կտաք, ուտել-խմելու հարցերը կլուծեք, մի քիչ էլ հետ կգցեք»,- լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:

Քաղաքականություն