ԱԺ-ն ֆինանսական վնաս է կրել, երբ թույլ չեք տվել Գևորգյանին մեկնել ԵԽԽՎ․ Սահակյանը՝ Դանիբեկյանին

ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց արգելանքից հանել իր պաշտպանյալի բանկային հաշիվը, որին Գևորգյանի՝ Ստրասբուրգ գործուղման համար ԱԺ բյուջեից 400 հազար դրամից ավել գումար էր փոխանցվել։

Այսօր` հոկտեմբերի 12-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական գործը։

Դատավոր Աննա Դանիբեկյանն արձանագրեց, որ դատարանը սույն քրեական գործով մեկ անգամ արդեն քննության է առել Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու հարցը և որոշել միջնորդության լուծումը հետաձգել մինչ կալանադրված գույքի արժեքը որոշելը։

Դանիբեկյանի խոսքով` պաշտպան Սահակյանին տրամադրվել է նշված միջնորդության և նիստի արձանագրության պատճենները։ Դատավորի կարծիքով` նշված միջնորդությունը ներկայացվել է ոչ ժամանակին, քանի որ դատարանն արդեն որոշել է, թե այն երբ պետք է լուծում ստանա։

Արդյունքում դատարանը որոշեց Սահակյանի միջնորդությունը թողնել առանց քննության, ինչը պաշտպանի համար անհասկանալի էր։

«Ի՞նչ կապ ունի նախորդ միջնորդությունն այս միջնորդության հետ, որը ներկայացվել է բոլորովին այլ հանգամանքերում և վերաբերում է ԱԺ ծախսերին։ Գումարը փոխանցվել է Արմեն Գևորգյանի հաշվեհամարին և հիմա թույլտվություն է պետք այն հետ փոխանցելու համար»,- հարցրեց Սահակյանը՝ առարկելով դատարանի գործողությունների դեմ։

Բացի այդ, ավիատոմսի գնման համար ԱԺ-ն ծախսել էր ավելի քան 500 հազար դրամ, որն այլևս հնարավոր չէ վերադարձնել։

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ Լուսինե Սահակյանը միջնորդել էր ճանաչել իր պաշտպանյալի անձեռնմխելիությունը որպես ԵԽԽՎ անդամ և ապահովել Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժը։

Դատարանը թույլ չէր տվել Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ և մասնակցել ԵԽԽՎ նիստին։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել։

 

Քաղաքականություն