
Շատ անհարմարություններ են առաջանում․ Ինչ խնդիրներ կունենա Քանաքեռավանը համայքնի խոշորացման արդյունքում

Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի բնակիչներն անհանգստացած են կառավարության նախաձեռնությամբ՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով։ Տարիներ շարունակ Քանաքեռավան համայնքը միացված է եղել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքին և բնակիչների համար ստեղծվել են բոլոր հարմարությունները, սակայն այսօր, վարչատարածքային բաժանմամբ պայմանավորված, փոխոխություն է կատարվելու և Քանաքեռավանը միացվելու է Նոր Հաճն քաղաքին։
Բնակիչների կողմից խմբագրություն ստացված ահազանգերն այն մասին են, որ եթե իրենց գյուղը միանա Նոր Հաճն քաղաքին կունենան մի շարք խնդիրներ կապված՝ առաջինը հանրային տրանսպորտի, ապա պետական գրասենյակների աշխատանքի հետ։
Auroranews-ի հետ զրույցում համայնքի բնակիչ Կարինե Սիրադեղյանը ասաց, որ դեմ չեն կառավարության որոշմանը՝ կապված խոշորացումների հետ, այլ հարց է, որ որոշումը լավ մտածված չէ և անհարմարություններ է առաջացնում քանաքեռավանցիների համար։
«Մենք խոշորացմանը դեմ չենք, բայց մենք սովոր ենք, որ մեր բոլոր գործերը կապված են Եղվարդի հետ։ Եկեք դիտարկենք նաև, որ Հաճն գնացող մարդիկ քիչ են, իսկ Երևան գնացողները շատ։ Մեզ ճանապարհից մարդիկ վերցնում են և տանում Եղվարդ, Երևան՝ կախված մեր ուղղությունից»,-ասաց նա։
Եթե խոշորացման արդյունքում այնպես ստացվի, որ Քանաքեռավանը միանա Նոր Հաճնին, ապա ճանապարհը կրկնակի կերկարի գյուղի բնակիչների համար։ Քանաքեռավանից Եղվարդ անցնող կարճ թաղանաս կա՝ Արագիլ անվամբ, որը կապում է Եղվարդ- Քանաքեռավան համայնքները։
Տիկին Կարինեի խոսքով՝ քանաքեռավանցիները իրենց անձնական գործերը պետական գրասենյակների հետ կատարում են Եղվարդ քաղաքում, ամեն բան այնտեղ է հաշվառված, իսկ հիմա փաստի առաջ են կանգնելու՝ վարչարարական գործերով Նոր Հաճն հասնելը «գլխացավանք» կդառնա բնակիչների համար։
«Մենք հասկանում ենք, որ գուե և ստեղծվի տրանսպորտ, սակայն այդ տրանսպորտը աշխատելու է հատուկ ժամերով։ Տեսե՛ք, մեզ այսքան մոտ Եղվարդ քաղաքը թողած մարդիկ պետք է երկար սպասեն և ճանապարհ անցնեն Հաճն հասնելու՞ համար»,-ասաց մեր զրուցակիցը։
Քաանաքեռավան համայնքի բնակչությունը կազմում է 3956 բնակիչ, որոնցից արդեն 1500-ը միացել են բողոք-ստորագրահավաքին։
Հիշեցնենք, որ սեպտեբերի 24-ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը` առաջին և երկրորդ ընթերցմամբ։ ԱԺ ներկայացված նախագծով նախատեսվում է խոշորացնել Արագածոտնի մարզի 69, Արարատի մարզի 105, Արմավիրի մարզի 82, Գեղարքունիքի մարզի 62, Լոռու մարզի 43, Կոտայքի մարզի 30, Շիրակի մարզի 40, Վայոց Ձորի մարզի 5, Տավուշի մարզի 3 համայնքներ։
Միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 37 համայնք:
Փոփոխությունները, գործադրի հիմնավորմամբ, պայմանավորված են 2016թ–ին մեկնարկած ու մինչ օրս չավարտված համայնքների խոշորացման գործընթացով։ 2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր ՀՀ 486 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 54 խոշորացված համայնք: Նորաստեղծ համայնքներում օրենքի փոփոխությունների հաստատումից հետո կնշանակվեն համայնքի ավագանու նոր` արտահերթ ընտրություններ։
ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։