ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր տեղեկացվածության մակարդակը բարձրացման կարիք ունի․ Արարատ Միրզոյանը՝ Մամիջանյանին

Տևական ժամանակ ես չեմ լսել, որ գործադիրի ներկայացուցիչներից որևէ մեկն միջազգային հարթակում խոսի Արցախի հայկական տարածքների օկուպացիայի մասին։ Այս մասին ԱԺ–ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Ավելին` ձեր ֆրակցիայի որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ բացարձակ պետք էլ չէ սրա մասին խոսել։ Իսկ ո՞վ ասաց, որ պետք է խոսել հայկական տարածքների դեօկուպացիայի մասին։ Բացարձակ խոսք չի գնում որևէ ռևանշիզմի մասին, խոսքը գնում է միջազգային հարթակներում մեր հայրենիքի շահերը պաշտպանելու և բարձրաձայնելու մասին, որ մեր հայրենիքի որոշ հատված օկուպացված է թշնամու կողմից։ Ձեր կառավարության կազմում կա՞ գոնե մի հոգի, որ պատրաստ է գոնե սկզբի համար այս ամբիոնից պնդել, որ մեր հայրենիքի որոշ հատված օկուպացված է»,– հարցադրում արեց նա։

Հարցին պատասխանեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մաս հանդիսացած և այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների վերաբերյալ խոսակցությունն առկա է, օրակարգում կա, մեր կողմից մատնանշվում է զանազան հարթակներում։ Բայց կարծում եմ` կհամաձայնեք, որ այդ մասին անընդհատ բարձրաձայնելը չի ստեղծի այն նպաստավոր պայմանները, որով հնարավոր կլինի լուրջ քննարկել հարցի լուծումը։ Ճիշտ հակառակը, նոր վտանգներ կարող է առաջացնել հայության համար»,– ասաց նա։

Արձագանքելով պատասխանին` Հայկ Մամիջանյանը նշեց, որ այդքան էլ համաձայն է Արարատ Միրզոյանի տեսակետի հետ։ «Համոզված եմ, որ Հայաստանը պետք է ներկայացնի այն փաստը, որ մեր հայրենիքի որոշ հատվածը օկուպացված է։  Միջազգային հարթակներում բավական անատամ են մեր ելույթները, և բավական հանդուգն ներքաղաքական, մեր դեմ ուղղվածները։ Լավ կլիներ, որ այն ճառագիրը, որ Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական տեքստերն է գրում և այն ճառագիրը, որ միջազգային տեքստերն է գրում, տեղերով փոխվեն»,– ասաց Հայկ Մամիջանյանը։

Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշեց. «Ձեր տեղեկացվածության մակարդակը բարձրացման կարիք ունի։ Հուսով եմ այս հարցադրումը կհանեք Ձեր օրակարգից։ Դուք կարող եք չհամաձայնել։ Ես մեծ պատասխանատվություն եմ կրում իմ բառերի և սահմանում տիրող իրավիճակի փոխկապակցվածության համատեքստում, հետևաբար որոշ բաներ ձևակերպել չեմ կարող»։

Քաղաքականություն