Լարսն արդեն բաց է. հարյուրավոր բեռնատարների կուտակումներ էին առաջացել

Մի քանի հարյուր մեքենա Վրաստանի կողմից կուտակվել են «Վերին Լարս» անցակետի մոտ, որը 5-6 ժամով փակվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը:

Նա պարզաբանել է, որ տրանսպորտային միջոցների համար «Վերին Լարս» անցակետը փակվել է եղանակային պայմանների վատթարացման պատճառով։

 

«Ճանապարհը փակ է եղել այսօր ժամը 08.00–ից։ Սակայն այժմ երթևեկությունը վերականգնվել է», - ասաց Թանանյանը։

Նրա խոսքով ՝ մինչև ճանապարհի փակվելը մեկ օրում Վրաստանից Ռուսաստան է մեկնել շուրջ 400 բեռնատար, այդ թվում, մոտ 100 – ը` Հայաստանից։ Նույն քանակի բեռնատարներ են անցել նաև հակառակ ուղղությամբ` Ռուսաստանից Վրաստան։

Ավելի վաղ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հայտնել էր, որ եղանակային պայմանների պատճառով փակված Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն արդեն ազատ է երթևեկության համար:

 

Վրաստանի տարածքում` «Վերին Լարս» անցակետում, Ռուսաստան մեկնող տրանսպորտային միջոցների կուտակումներ սեպտեմբերի վերջից նկատվում են։

Ավելի վաղ Թանանյանն արդեն պարզաբանել էր, որ նման իրավիճակ է ստեղծվել Թուրքիայից եկող տրանսպորտային միջոցների մեծ հոսքի պատճառով:

Քաղաքականություն