Ադրբեջանի հետ սահմանին իրանական զորավարժությունները մեկնարկել են

 Իրանի իշխանություններն այսօր սկսել են զորավարժությունները երկրի հյուսիսային սահմանին, հայտնում է Sputnik Արմենիան` հղում անելով IRNA իրանական լրատվականին։

 

Վարժանքները մեկնարկել են երկրի հյուսիս-արևմուտքում, կիրառվում ենզրահատանկային զորամասեր, հրետանի, անօդաչու թռչող սարքեր, ցամաքային զորքերի ռազմաօդային ուժերի ուղղաթիռներ: 

 

«Այդ վարժանքներն անցկացվում են երկրի սահմանամերձ շրջաններում զինված ուժերի զենքի, ռազմական տեխնիկայի փորձարկման և մարտական պատրաստության գնահատման ծրագրի շրջանակներում», - ասել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիոմարս Հեյդարին:

Զորավարժությունների ընթացքում Իրանի ցամաքային զորքերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումը հավաքել և տեղեկատվություն է ուղարկել հրամանատարական կետ, իսկ արագ արձագանքման 25-րդ բրիգադն անցկացրել է զորավարժություններ:

Ավելի վաղ Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել էր, որ ցամաքային զորքերը Իրանի հյուսիս-արևմուտքում զորավարժություններ կանցկացնեն «Հեյբարի նվաճողները» անվանումով:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր իրանական զորավարժություններին` զարմանալով, թե ինչու դրանք ավելի վաղ չէին անցկացվում: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարել էր, որ Իրանի հյուսիս-արևմուտքում զորավարժություններ անցկացնելը երկրի ինքնիշխան իրավունքն է:

Ավելի ուշ ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ Ալի Սարդար Ֆադավին Ադրբեջանի ղեկավարության արձագանքը համեմատել է երեխայի պահվածքի հետ:

Քաղաքականություն