Արցախի մշտական ներկայացուցիչը թվեր է ներկայացրել` պատերազմում զոհված, անհետ կորած և գերեվարված արցախցիների մասին

44-օրյա պատերազմում զոհվել է արցախցի 742 զինվոր, 45 զինծառայող համարվում է անհետ կորած, սպանվել է 80 քաղաքացիական անձ, որոնցից 42-ը՝ թիրախային հարվածների հետևանքով, իսկ 38-ը՝ գերեվարման մեջ են: Այս մասին խորհրդարանում քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

 

Նրա հաղորդմամբ՝ պատերազմի արդյունքում կա շուրջ 42 հազար տեղահանված արցախցի, որոնցից 38 հազար 154-ը զրկվել են բնակավայրից և անշարժ գույքից: Տեղահանվածներից 15 հազարը Ստեփանակերտում են գտնվում, իսկ 5 հազարը՝ Արցախի շրջաններում, 1960 մարդ ապրում է հյուրանոցներում.

 

«Նրանց բնակարանով ապահովելու համար արդեն իսկ ունենք վարձակալության 3000 պայմանագիր: Նախատեսվում է մինչև տարեվերջ Ստեփանակերտում կառուցել 300 բնակարան՝ տեղահանվածներին տեղավորելու նպատակով»,-ասաց Սերգեյ Ղազարյանը:

Նա նաև հայտնեց, որ պատերազմի արդյունքում հակառակորդին է անցել Արցախի հանրապետության 192 բնակավայր, որոնցից՝ 185 գյուղ, 7 քաղաք:

Սերգեյ Ղազարյանը նաև ընդգծեց, որ պատերազմի արդյունքում մեծ վնասներ են կրել Արցախի մի շարք ենթակառուցվածքներ: Մասնավորապես՝ Էներգետիկ համակարգում գործող 36 ՀԷԿ-երից մնացել է ընդամենը 6-ը:
Լուրջ խնդիրներ կան նաև հեռահաղորդակցության հետ կապված, որոնց կրած վնասները նախնական տվյալներով կազմում են 42 մլն-ից ավել:

Տուժել են 1226 տնտեսվարող սուբյեկտներ, որոնք գործունեություն էին իրականացնում այս պահին Ադրբեջանի կողմից օկուպացված շրջաններում:Գյուղատնտեսական նշանակության վարելահողերի 75%-ը պատերազմի արդյունքում անցել է թշնամու, տուժել են նաև ջրագծեր և ջրի աղբյուրները:

 

Սերգեյ Ղազարյանի խոսքով՝ պատերազմի արդյունքում լուրջ վտանգի տակ է հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգությունը. վտանգված է 2000-ից ավելի հուշարձան՝ 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց, 523 խաչքար:

Քաղաքականություն