Արմեն Գրիգորյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների, նոր պատերազմի հավանականության և սահմանազատման մասին․ Sputnik Արմենիա

Երևանից Անկարային ուղղված բոլոր դրական ազդակները հրապարակային են եղել։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններից մեկին, թե ՀՀ ղեկավարությունից դրական ազդակներ են ստացել։

 

«Դրական ազդակները հրապարակային են եղել, և վերջին մեկ ամսվա ընթացքում կառավարության գրեթե բոլոր նիստերին վարչապետը հրապարակային խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, և դրական ազդակներ հենց դրանք նկատի ունի։ Հայ-թուրքական միակ օրակարգը հարաբերությունների կարգավորումն է, դեռ շփումներ սկսել, քննարկումներ ունենալ հարաբերություններ սկսելու վերաբերյալ», - նշել է Գրիգորյանը։

Թուրքիայի նախագահ Էրդողանը հրապարակային որևէ հայտարարություն դեռևս չի արել այն մասին, որ պատրաստ է հրաժարվել իր՝ մշտապես առաջ քաշվող նախապայմաններից։

Գրիգորյանի խոսքով՝ թուրքական կողմի հետ խոսակցություններն ու քննարկումները թույլ կտան բացահայտելու, թե ինչ օրակարգ ու հարցեր կան, որոնք լուծման հնարավորություն ունեն կամ չունեն։

ԱԽ քարտուղարը վստահ է՝ «ֆուտբոլային դիվանագիտությունից» հետո տարածաշրջանում շատ բան է փոխվել, բայց միևնույնն է՝ ամեն ինչ ավելի հստակ կլինի, երբ սկսվեն քննարկումները։

Ըստ Գրիգորյանի` ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրողներն իրենց թիմին քվե են տվել նաև խաղաղության դարաշրջանը բացելու համար։ Նրա խոսքով` հեշտ չի լինելու, բայց իրենք այդ ուղղությամբ աշխատելու են, թեպետ Ադրբեջանի նախագահն էլ պարբերաբար իր հայտարարություններով փորձելու է տորպեդահարել այդ գործընթացը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին հարցազրույցներից մեկում անհեռանկարային էր համարել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին քննարկումները։ Ավելի առաջ անցնելով՝ Ալիևը նաև հոխորտացել էր, թե «մի բարկացրեք մեզ, այլապես մենք էլ տարածքային պահանջներ կներկայացնենք Հայաստանին»։ Արձագանքելով ալիևյան հայտարարություններին՝ Արմեն Գրիգորյանը նշել է, թե Ադրբեջանում ԼՂ հարցի վերաբերյալ շփոթմունք կա։

 

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը երբևէ չի եղել տարածքային հարց, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եղել է ինքնորոշման հարց, այսինքն՝ ԼՂԻՄ-ում ապրող հայերը ցանկացել են ինքնորոշվել և իրենց ինքնորոշման իրավունքն իրացրել են։ Միանշանակ է, որ ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չէ և պետք է երկարաժամկետ լուծում ստանա, սա ոչ միայն Հայաստանն է ասում, այլև միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները», - ընդգծել է Գրիգորյանը։

Արդյոք հնարավո՞ր է, որ Ադրբեջանը գնա նոր ռազմական ագրեսիայի, եթե Հայաստանը շարունակի ԼՂ հարցը բարձրացնել։ Ըստ Գրիգորյանի` դժվար է գնահատել Ադրբեջանի քայլերը, բայց միանշանակ է, որ ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չէ, և այն լուծելու անհրաժեշտություն կա։

 

Գրիգորյանն անդրադարձավ նաև արդեն ամիսներ շարունակ ՀՀ սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների խնդրին։ Նա նշեց, որ վերջին շրջանում սադրանքներ տեղի են ունենում և հենց այդ հանգամանքներն էլ հաշվի առնելով՝ հայաստանյան իշխանությունները ցանկանում են, որ որքան հնարավոր է շուտ սկսվի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը։

«Անհրաժեշտություն կա, որ Ադրբեջանի զորքերը դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, և մենք սկսենք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը, որը նաև հնարավորություն կտա այդ ուղղությամբ կայունություն մտցնել տարածաշրջան»,- նշեց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքով` այդ գործընթացը հիմնվում է Խորհրդային Միության քարտեզների վրա, այլ քարտեզներ օգտագործել չեն կարող, որովհետև ԽՍՀՄ-ից առաջ Ադրբեջան չի եղել։

«Որքանո՞վ է հնարավոր Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելը» հարցին ի պատասխան Գրիգորյանն ասաց` խաղաղություն նշանակում է նաև անվտանգություն։

Ըստ նրա` ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրողներն իրենց թիմին քվե են տվել նաև խաղաղության դարաշրջանը բացելու համար։ Գրիգորյանի խոսքով` հեշտ չի լինելու, բայց իրենք այդ ուղղությամբ աշխատելու են, թեպետ Ադրբեջանի նախագահն էլ պարբերաբար իր հայտարարություններով փորձելու է տորպեդահարել այդ գործընթացը։

«Բազմաթիվ դժվարություններ են լինելու, մենք դրանք գիտակցում ենք»,- ընդգծեց ԱԽ քարտուղարը։

 

Նրա կարծիքով՝ այս ուղղությամբ կարևոր քայլերից մեկը փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանդիպումներն են, երբ քննարկվում են բազմաթիվ հարցեր։

Գրիգորյանը նշեց՝ Հայաստանը հնարավորություն է ստանալու օգտագործել Ադրբեջանի տարածքը Ռուսաստանին, Ասիային, Չինաստանին միանալու համար, որպեսզի Հայաստանը տնտեսապես զարգանա։ Փոխարենը մենք էլ հնարավորություն ենք տալու Ադրբեջանին Հայաստանի ճանապարհներն օգտագործել Նախիջևանին, ինչպես նաև Թուրքիային միանալու համար։

Քաղաքականություն