
Կառուցապատողը խաբել է բազմաբնակարան շենքի գնորդներին՝ առքուվաճառքից հետո խոստացվածի փոխարեն առաջարկելով մի փոքրիկ կանաչապատ տարածք. Aysor. am

ՀՀ մի խումբ քաղաքացիներ Դավիթաշեն վարչական շրջանի Միկոյան 64 հասցեում կառուցվող նորակառույցներից բնակարան են ձեռք բերել։ Գնորդներին կառուցապատող «Նևս քանսթրաքշն» ընկերությունից սկզբում հավաստիացրել են, որ շենքերի բակում պետք է լինեն լողավազան, մարզասրահ, ամֆիթատրոն, շատրվաններ։ Նույնիսկ կարգախոս են առաջարկել՝ «Բակ առանց մեքենաների»։
Ավելի ուշ, սակայն, գնորդները պարզել են, որ խոստացված ենթակառուցվածքներից ոչ մեկը բակում չի լինելու։ 1000 բնակչի համար կառուցվող համալիրում փոխարենը լինելու է կանաչապատ փոքր տարածք։
«Ես բնակարանս ձեռք եմ բերել՝ քառակուսի մետրի դիմաց վճարելով 800 դոլար։ Այսինքն՝ մենք բոլորս այդ գնով բնակարան գնել ենք զուտ այն բանի համար՝ բարեկարգ բակ ունենանք, մեքենաներ չլինեն, որ երեխաներն էլ բակ իջնելուց մեքենայի տակ չընկնեն․ բայց առանց մեզնից որևէ մեկին տեղյակ պահելու, առանց մեր կարծիքը հաշվի առնելու՝ նախագիծը փոխել են. շենքի հետևում նախատեսում են քոթեջներ կառուցել, բակի միջով ճանապարհ են անցկացրել, ճանապարհի պատն արդեն իսկ կա։ Այդ ճանապարհը պետք է սպասարկի քոթեջների բնակիչներին», - Aysor.am-ի թղթակցին իրավիճակը ներկայացրեցին բնակիչները՝ նշելով, որ շատրվանների կառուցման չեղարկումը կառուցապատողը պատճառաբանել է բնակիչների կողմից ապագայում ամսական վճարը չկատարելու ենթադրությամբ։
Նրանց խոսքով՝ գնորդներով ստորագրահավաք են նախաձեռնել, դիմել Երևանի քաղաքապետարան, Շրջակա միջավայրի նախարարություն։ Ընկերությանը նաև փասաբանական հարցում է արվել, որը մինչ այժմ անպատասխան է։
«Քաղաքապետարանից դեռ պատասխան չունենք, դիմումը մակագրվել է այլ կառույցների, բայց ոչ մերժում ենք ստացել, ոչ էլ ընթացքի մասին ենք տեղյակ։ Առցանց դիմումը բացում ենք, ընթացքը չի երևում։ Իսկ Շրջակա միջավայրի նախարարությունից մեզ պատասխանել են, որ կառուցապատողը ոչ մի տեսակի հարցում իրենց չի ուղարկել և նախագծից բացի՝ իրենք այլ բանի համար թույլտվություն չեն տվել», - ասացին մեր զրուցակիցները։
Կառուցապատողը նաև գնորդներին խոստացել է շենքերը հանձնել այս տարվա ավարտին, սակայն այժմ պատճառաբանում է, որ մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի շինարարության պատճառով պատշարների պակաս կա, շինարարության ընթացքը դանդաղում է։
Գնորդների խոսքով՝ եթե բակի ենթակառուցվածքների հարցը չլուծվի, գնորդները պատրաստ են դիմել դատարան՝ խնդիրը կարգավորելու իրավական հարթությունում։
«Իրենց նախնական տեսահոլովակներում ամեն ինչ այլ կերպ էր ներկայացված, բայց այդ տեսահոլովակը հեռացրել են, նորը դրել՝ նոր պայմաններով։ Մենք հին տեսահոլովակն ունենք», - ասաց գնորդներից մեկը։
Ներկայացվող առաջին տեսանյութը նախնական տարբերակով խոստացված բակն է, իսկ երկրորդ տեսանյութը՝ արդեն կառուցապատողի կողմից ինքնակամ փոփոխված։