ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ն, Ադրբեջանը և ՌԴ-ն քննարկում են կոմունիկացիաների վերաբացման հարցը․ Ի՞նչ է մանրամասնում Փաշինյանը
Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման հարցին:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այդ հարցը քննարկվում է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով:
«Վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո հասցրել եմ այցելել ԻԻՀ, այսօր էլ մեկնում եմ Վրաստան: Թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի հետ մեր քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման:
Այս համատեքստում կարևորում եմ Հյուսիս-Հարավ նախագիծը, որն Իրանի հետ մեր սահմանը կապում է Վրաստանի հետ մեր սահմանին: Մեզ համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը ՌԴ-ի և ԻԻՀ-ի հետ: Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը:
Այստեղ մենք վճռական ենք ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների հասնելու համար՝ գիտակցելով, իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը տրամադրված է վերականգնել խաղաղ գործընթացն Ադրբեջանի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում: