Քաղաքականություն

«Ի՞նչ ենք թողել կորցրած տարածքներում. Արցախում արված ներդրումները». գործարար

Lilit T.
«Ի՞նչ ենք թողել կորցրած տարածքներում. Արցախում արված ներդրումները». գործարար

Միայն Արցախում ունեցել ենք 38 ՀԷԿ, որոնք ամբողջությամբ Արցախի էլեկտրաէներգիայի ինքնաբավություն էին ապահովում, և որոշակի սեզոնի նաև Հայաստանին էին էլեկտրական հոսանք տալիս: 38 ՀԷԿ-ից մնացել է ընդամենը 10-ը, այսինքն՝ 28-ը հանձնվել է: Ամեն ՀԷԿ-ը միջինը մոտ 7-8 մլն դոլար է: Մոտ 150 միլիոն դոլարի ներդրում միայն ՀԷԿ-երի տեսքով ենք կորցրել, 168 TV- ի «Ռեվյու» հաղորդմանն ասել է գործարար Հարություն Մնացականյանը, ով առաջիններից էր արձագանքել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Որ ասում եք՝ տարածքներ ենք կորցրել, ի՞նչ եք տեսել այնտեղ, ինչքա՞ն ներդրում է արվել»։ 

Մնացականյանը անդրադարձել է նաև Արցախում արված մյուս ներդրումներին։ 

«Շուշի քաղաքում քանի՞ խոշոր հյուրանոց գիտեք՝ «Շուշի-Ավան պլազա», «Շուշի պլազա», «Շուշի Գրանդ հոթել», տարբեր փոքր հյուրատներ, ռեստորաններ և այլն: Անդրադառնանք Թալիշի ձկնաբուծարանին, որտեղ արտադրում էին թառափի սև ձկնկիթ, որն արտահանվում էր Եվրոպա: Ահագին մեծ ծախսեր էին արվել: Մեծ Թաղեր համայնքում զրոյից ստեղծվել էր գինու գործարան՝ իր այգիներով, և մոտավոր արժեքը 30-40 մլն դոլար էր։ Անցյալ տարի առաջին անգամ պետք է գինի ստանային, խաղողի բերքահավաք էին արել, Գերմանիայից մասնագետ էին հրավիրել», - ասել է նա: 

Հարություն Մնացականյանը հիշեցրել է «Կատարո» գինու գործարանի, ինչպես նաև Քաշաթաղի շրջանում արված ներդրումների մասին։ 

«Տներ էին սարքել, որպեսզի գյուղական բնակեցում տեղի ունենար: 24 մլն դոլար միայն ճանապարհաշինության վրա էր ծախսվել: Հիշեք՝ Քարվաճառի ճանապարհին քանի՛ ռեստորան մնաց Ադրբեջանին, գազալցակայաններ, բենզալցակայաններ, ու ամենակարևորներից մեկը՝ Շուշիում Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանը, որի նման որակյալ ուսումնարան նույնիսկ Հայաստանում չկար», - ասել է նա։ 

Գործարարը հարց է բարձրացրել, թե վերջին 3 տարիներին Փաշինյանի իշխանությունը որքա՞ն ներդրումներ է ներգրավել Արցախի համար։ 

«Եթե Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ դա ներդրում չէր, ես չեմ պատկերացնում, թե իր բերած ներդրումները որո՞նք էին այս 3-4 տարիներին: Ես Արցախում որևէ ներդրում չեմ տեսել իր կողմից: Մինչև պատերազմը խոսակցություն էր պտտվում, որ մոտավորապես 1000 հեկտար նռան այգիներ պետք է հիմնվեն, բայց դա Նիկոլ Փաշինյանի գործոնի հետ ընդհանրապես կապ չուներ», - նշել է Մնացականյանը։ 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից