ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թույլ չենք տալու՝ իրենց ուզած քարը դնեն. ես իմ երեխուն հանելու եմ ու բերեմ կառավարության շենք. Զոհվածի մայր

Մենք իրենց տվեցինք 20 տարեկան երեխա, որ գան գերեզմանները քանդե՞ն. քանդելուց հետո ո՞նց քնեցին, ո՞ր ջարդած ձեռքով ստորագրեցին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, կառավարության շենքի մոտ ակցիայի ժամանակ հայտարարեց  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի մայրը՝ Էլլադա Ղափանցյանը:

 

Նշենք, որ օգոստոսի 30-ի ցերեկը քանդել են Նարեկի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները:

Ամբողջությամբ քանդել են, քարն էլ տարել են: Եռաբլուրում բոլորի գերեզմանը քանդել են, ասել են՝ միանման է լինելու:

Օգոստոսի 23-ին, երեխու ծննդյան օրը, մենք Եռաբլուրում ենք եղել, գեներալներ էլ են եղել, բոլորն էլ տեսել են, որ գերեզմանները սարքված է, էնտեղ ժողով էլ է եղել, քարեր էին որոշում, թե ինչ են դնելու: Իրենք ժողով էին անում, քարեր էին ընտրում, իսկ մենք սալիկներն էինք խփում, իրենք բոլորը տեղյակ էին: Թող գային ասեին՝ ծնող, մի խփիր, որովհետեւ քանդվելու է: Մենք սարքել ենք գերեզմանը, իրենցից ոչինչ չէինք ուզում:

Ես դառնալու եմ իրենց գիշերվա երազը, անիծելու եմ ամեն օր, իրենք այս նույն մղկուտը ապրելու են: Թող հիմա մեզ ասեն, այս ստորագրություն ով ա տվել, ում հրամանով է եղել: Գուցե Փաշինյանը տեղյակ էլ չի, թող իջնեն ու պտասխան տան»,-ասաց նա:

Զոհվածի մայրը նկատեց, որ 4 տեսակի քար է, իրենց տարբերակ չեն առաջարկել, որովհետեւ իրենց որդու գերեզմանները սարքած է եղել. «Թող էդ շիրմաքարերը տանեն իրենց տներում դնեն, մեզ պետք չի: Եթե մենք էս քարն էլ չդրեցինք, մենք թույլ չենք տալու, որ իրենց ուզած քարը դնեն: Ես իմ երեխուն հանելու եմ, բերելու եմ էստեղ կառավարության շենք, այստեղ դնեմ: Եթե 4 տեսակ քար ա լինելու, թող 5-րդ տեսակն էլ մերը լինի

Ես հիմա եկել եմ, Նիկոլ Փաշինյանից ուզում եմ, որ ասի՝ ինչի՞ է ստորագրել իմ երեխու քարը հանելու որոշումը»,-ասաց նա:

 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 30-ի ցերեկը Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները:

Նարեկի հայրը՝ Ռոման Գևորգյանը, ասել է, որ նախորդ գիշեր եղել են Եռաբլուրում, և շիրմաքարը տեղում է եղել, այսօր ցերեկով են քանդել ու տարել այն: Նրա խոսքով, տեղադրելու համար հատուկ թույլտվություն էր ստացել նախկին և ներկա ՊՆ նախարարներից, պատասխանատու այլ մարմիններից, բայց եկել, տեսել են՝ ո՛չ շիրմաքարը կա, ո՛չ սյուները և ո՛չ էլ նստարանները: