ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այո՛, մեղավոր եմ, պատասխանատու եմ, պարտությունն իմ օրոք է եղել. Փաշինյան
Ես հիմա ինչ-որ տեղ ընդունում եմ, որ սխալ եմ արել, որ ժառանգված ԼՂ բանակցային գործընթացի ողջ բովանդակությունը 2018թ–ին չեմ հրապարակել։ Ես հիմա կարող եմ ընդունել դա որպես սխալ։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Ամենուհի Կյուրեղյանի հարցին։ Պատգամավորը հետաքրքրվել էր, թե երբ է Փաշինյանը հասկացել, որ իր գրպանը պարտության փաստաթղթեր են գցել։
«Երբ որ հասկացաք՝ ինչու դրանից հետո հանրությանը չհայտնեցիք այդ մասին։ Եթե ոչ՝ ապա ընդունո՞ւմ եք արդոք, որ դուք այն իշխանությունն եք, որ երկիրը տարաք պարտության և, որ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը դուք եք»։
Փաշինյանը նշեց, որ դեռ պատերազմից հետո է հայտնել, որ ինքը թիվ մեկ պատասխանատուն և մեղավորն է։
«Ես տասնյակ անգամ եմ ասել՝ մինչև վերջին վայրկյանը պայքարել ենք, կռիվ ենք տվել։ Ես բանաձև եմ առաջարկել՝ եկեք գնանք ժողովուրդը մեզ դատի։ Գնացել ենք, ժողովուրդը մեզ դատել ա։ Մեղմ ա վարվել, թե հակառակը, բայց իրողություններ ունենք»։
Փաշինյանը նշեց՝ հարցերին չանդրադառնալ, որոնց ընտրությունների արդյունքով պատասխան է տրվել։ Արցախյան պատերազմի առաջացրած բոլոր հարցերն ու հանգամանքները վարչապետն առաջարկեց քննել ԱԺ–ում ձևավորվող քննիչ հանձնաժողովում։
«Հիմա դուք հարցնում եք` ես մեղավոր եմ, թե չէ։ Այո՛, մեղավոր եմ։ Հարցնում եք` պատասխանատու եմ, թե չէ։ Այո՛, պատասխանատու եմ։
Այդ պարտությունն իմ օրո՞ք է եղել։ Այո՛, իմ օրոք է եղել։ Ի՞նչ խղճով եմ ես այստեղ կանգնած։ Ես կանգնած եմ ՀՀ քաղաքացիների որոշման արդյունքում»,– ասաց Փաշինյանը։