Մենք քննադատել ենք քննիչի աշխատասենյակում երկրի ղեկավարի նկարը փակցնելը. Հրաչյա Հակոբյան

Մենք ժամանակին քննադատել ենք ոչ թե գործադիրի ղեկավարի  նկարն   օրինակ՝  իր թիմակցի սենյակում փակցնելու համար, այլ շատ կոնկրետ դեպքով, երբ երկրի ղեկավարի նկարը փակցված է եղել քննիչի աշխատասենյակում։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում ասել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն՝ անդրադառնալով վերջին օրերին սոցկայքերում հայտնված մի լուսանկարի, որից պարզ է՝ ԱԺ իշխանական պատգամավորների սենյակներում փակցված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարները։   


«Եթե մենք հիմա գնանք ու շրջայց կատարենք օրինակ՝ Քննչական կոմիտեում, ապա վստահ եմ, որ որևէ քննիչի սենյակում մենք չենք տեսնի վարչապետի նկարը։ Նիկոլ Փաշինյանը մեր քաղաքական առաջնորդն է և յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ Հայաստանի խորհրդանիշերի՝ գերբի, դրոշի  հետ կփակցնի՞ նաև վարչապետի  նկարը։ Կրկնում եմ՝ որևէ քննիչի, ոստիկանի աշխատասենյակում նման բան չենք հանդիպի»,- ասել է պատգմավոր Հրաչյա Հակոբյանը։ 


Հարցին՝ նորմա՞լ է, եթե  խորհրդարանի նախագահն իր սենյակում փակցնի Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, իշխող ուժի պատգամավորն ասել է, որ ինքը եղել է Ալեն Սիմոնյանի աշխատասենյակում և այնտեղ չի տեսել վարչապետի նկարը։ 


Հրաչյա Հակոբյանը հավելել է, որ Փաշինյանի լուսանկարը փակցնելը պարտադրանք չէ։ 

Նշենք՝ մի քանի օր առաջ լուսանկար տարածվեց համացանցում, որտեղ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի սենյակում կախված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ 


Տարիներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, ԱԺ ամբիոնից տարբեր առիթներով անդրադարձել էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը պաշտոնյաների աշխատասենյակներում փակցնելուն և օրինակ բերելով դատախազներին ու քննիչներին ասել էր՝ «նկարը մշտական կապի խնդիր ա, ամեն օր իրիկունները զեկուցում են, առավոտները հրահանգ են ստանում»։ 


2018թ․-ին իշխանության գալով, Փաշինյանը  հրահանգել էր բոլոր աշխատասենյակների պատերից հանել նկարները և հայտարարել, որ այլևս ՀՀ ղեկավարների նկարները պաշտոնյաների աշխատասենյակների պատերին չի լինելու։ 

 

Քաղաքականություն