
«Ֆիզգարադոկ»-ի բնակիչ Սեդա Գրիգորյանը՝ քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման և այս պահին տիրող իրավիճակի մասին

Շենք չի լինելու այնտեղ։ Սա ծայրից ծայր ապօրինի նախագիծ է։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Ֆիզգարադոկ»-ի բնակիչ Սեդա Գրիգորյանը։
«Նախկինում բնակիչները հանդիպել են Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին, ով փորձել է կոմպրոմիսի գալ և նշել, որ 5-հարկանի շենք է կառուցվելու։ Նա ի պաշտոնե խոստացել է, որ 5 հարկից ավել չի լինելու, սակայն այսօր կա 12-հարկանի շենքի նախագիծ»,-նշեց Սեդա Գրիգորյանը։ «Ֆիզգարադոկ»-ի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Բնակիչներից մի քանիսը հանդիպում են քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ։
RadioAurora-ն քիչ առաջ ուղիղ եթերում կապ հաստատեց «Ֆիզգարադոկ»-ի բնակիչ Սեդա Գրիգորյանի հետ՝ տեղեկանալու, թե ինչպես ընթացավ հանդիպումը։ Բնակիչը նշեց, որ քաղաքապետարանի ներկայացուցիչներն ասել են, որ իրենց 2 օր է պետք, որպեսզի բնակիչների ներկայացրած փաստաթղթերն ուսումնասիրեն։
Սեդա Գրիգորյանը նշեց նաև, որ այս պահին շինհրապարակում դադարեցված են աշխատանքները, տարածքում չկան կարմիր բերետավորներ, իսկ իրենց նպատակն է հասնել շինարարության չեղարկմանը։