
Ես համոզված եմ, որ, ի վերջո, արդարադատությունը հաղթելու է․ Չարչյանն ինքնակամ ներկայացավ Վարդաշեն» ՔԿՀ

«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կալանավորվեց։ Քիչ առաջ Արմեն Չարչյանը մուտք գործեց «Վարդաշեն» ՔԿՀ։
Ես համոզված եմ, որ, ի վերջո արդարադատությունը հաղթելու է: Այս մասին Վարդաշեն ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը:
Հիշեցնենք, որ դատարանն այսօր Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում է կայացրել՝ առանց ԱԺ-ի կողմից նրա պատգամավորական անձեռնմխելիության հարցը քննարկելու:
«Այն երկու հիմքերը, որով դատախազն իմ նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել, դրանք երկուսն էլ արդեն չկան՝ ես այլևս չեմ աշխատում «Իզմիրլյան» ԲԿ-ում, ես ԱԺ պատգամավոր եմ, որին ապօրինաբար ուզում են զրկել ազատությունից, երկրորդ հիմքը, որ ես կարող էի ազդել վկաների ցուցմունքների վրա, նախ՝ այդ ցուցմունքներն արդեն տրված են, բացի դա՝ դատախազն ասաց, որ այդ ցուցմունքները հիմք չեն համարելու, այլ հիմք են համարելու ձայնագրությունը, որը կա: Եթե մարդ հիմք չի համարում ցուցմունքը, ես ազդեմ, թե չազդեմ ցուցմունք տվողի վրա, ի՞նչ կարևոր է, միևնույնն է, դրանք հիմք չեն համարվելու: Հետևաբար, երկու հիմքերն էլ ի չիք են եղել, այլև չկան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Չարչյանը:
Նա նաև նշեց, որ իր համար այս որոշումն անսպասելի չէր.
«Հաշվի առնելով, որ ի սկզբանե գործը ոչնչի վրա էր կառուցված, ինչպես նաև այն, որ ես «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ եմ, որոշումն անսպասելի չէր»,-ասաց Չարչյանը: