Չարչյանը կալանավորվածի կարգավիճակում է՝ առանց որևէ պատշաճ իրավական հիմքի. Վարդևանյան

«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին առնչվող քրեական գործում որևէ նոր զարգացում տեղի չի ունեցել: Միակ զարգացումն այն էր, որ Չարչյանը մեկ ամսից ավելի ազատության մեջ էր, ստանձնել է պատգամավորի մանդատը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Չարչյանին կրկին կալանավորելու որոշմանը:

 

«Այս երկու հանգամանքները, որոնք բացառում են կալանավորումը որպես խափանման միջոց, այսօրվա դատական համակարգի համար ունեցել են 0 նշանակություն»,-նշեց պատգամավորը:

 

Ըստ Վարդևանյանի՝ տպավորություն կա, որ ընդդիմադիր խմբակցության համար պատգամավորի անձեռնմխելիությունը էական նշանակություն ունի, ինչը, պատգամավորի խոսքով, բացարձակ այդպես չէ:

 

«Կարող եմ ասել՝ թող այդ անձեռնմխելիությունը վերացնեն Սահմանադրությունից, բայց աբսուրդ է, երբ այդ նորմը դարձել է գոյություն չունեցողին համարժեք՝ պարզապես դատախազների, քննիչների, դատախազների քմահաճույքներից ելնելով: Սա օրենսդիր իշխանության հեղինակությանը, համբավին ուղղակի միջամտող վարքագիծ է, որը նախկինում երբեք չի եղել»,-ասաց նա, ապա ընդգծեց՝ Արմեն Չարչյանն այժմ կալանավորվածի կարգավիճակում է՝ առանց որևէ պատշաճ իրավական հիմքի:

 

«Սա այս իշխանությունների վարքագծային դրսևորումներից է՝ մշտապես ապահովել իրավական ամենաթողության նոր, անգերազանցելի բարձունքներ: Ապագա քննիչներին, դատախազներին կասեն՝ ինչպիսին չպետք է լինեն գործերը, ինչպես է դատավորը արդարադատությունից հեռանում կամ առնչություն չի ունենում դրա հետ»,-ասաց Վարդևանյանը՝ ընդգծելով՝ ԱԺ պատգամավորին հնարավոր է ազատությունից զրկել միայն ԱԺ համաձայնությամբ:

 

Հիշեցնենք՝ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ Դատախազության բողոքը՝ բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Քաղաքականություն