Ընտրություններից հետո մանավանդ, տնտեսության տարբեր ճյուղերում զգացվում է էական ակտիվացում. Քերոբյան

Տնտեսությունն իրեն շատ առույգ է զգում, մենք տեսնում ենք, թե ինչպես ամեն ամիս տնտեսական աճը ցույց է տալիս, որ մենք վերականգման ակտիվ փուլում ենք։ Կարելի է նույնիսկ ասել, որ վերականգնման փուլն անցյալում է, «Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ վստահեցնելով, որ «թվերը շատ լավն են» նաև գյուղատնտեսության և արտահանման ոլորտներում, իսկ գյուղատնտեսական մթերքի արտահանման ցուցանիշը մոտ է 2020 թվականի ամբողջ տարվա ցուցանիշին։

«Ես կարծում եմ, որ մինչև տարեվերջ մենք առնվազն 30-40 տոկոսով կգերազանցենք անցյալ տարվա ցուցանիշը։ Մի խոսքով, ընտրություններից հետո մանավանդ, տնտեսության տարբեր ճյուղերում զգացվում է էական ակտիվացում, և կարծում եմ, որ մենք լավ ենք գնում», - ասել է Քերոբյանը։

Հատկանշական է, որ Էկոնոմիկայի նախարարը այս ցուցանիշները ներկայացնելուց հետո մատնանշել է նաև տնտեսության առջև առկա մարտահրավերներն ու խնդիրները՝ պատերազմ, Քովիդ, մրցունակության անկում կամ պակաս, արտադրողականության պակաս. նա հուսադրել է, որ դրանք ներառված են կառավարության ծրագրում և, իշխանությունների նախընտրական խոստմանը համաձայն, այդ խնդիրներին պիտի լուծում տրվի։

Քերոբյանը խոստացել է նաև նոր ներդրումներ՝ այս անգամ մարտահրավերների հաղթահարումը վերագրելով պոտենցիալ ներդրողների բարի կամքին։

«Վերջին 9 ամիսների ընթացքում՝ պատերազմից հետո, զգացվում է շատ մեծ հետաքրքրության աճ սփյուռքահայերի և ներքին ներդրողների կողմից։ Մարդիկ, ովքեր տասնայմակներով Հայաստանի մասին լսել անգամ չեն ուզել, հիմա շտապում են Հայաստան՝ որևէ բան անելու, որպեսզի օր առաջ իրենց հայրենիքի պաշտպանունակությունը, անվտանգությունը, տնտեսական հզորությունը օգնեն վերականգնել, որովհետև բոլորի համար պարզ է, որ եթե յուրաքանչյուրը մասնակցություն չունենա, ապա մենք գուցե չունենանք այն հզորությունը, որը մեզ թույլ կտա դիմագրավել այն մարտահրավերներին, որոնք կան այսօր», - ասել է նա։