«Թալիբանը» հանդես է եկել իր առաջին մամուլի ասուլիսով

«Թալիբանն» Աֆղանստանը գրավելուց երկու օր անց հանդես է եկել իր առաջին մամուլի ասուլիսով։ Շարժման խոսնակ Զաբիհուլա Մուջահիդը հայտարարել է, որ շարիաթի օրենքներով՝ կանայք կունենան իրենց իրավունքները, սակայն մանրամասներ չի հաղորդել, այդ մասին հայտնում է Aljazeera-ն: 


Մուջահիդը հայտարարել է, որ օտարերկրյա պետությունների համար աշխատած աֆղաններին վնաս չի հասցվի, նրանց համաներում է շնորհվել։ 


«Թալիբանի» ներկայացուցիչը նշել է նաև, որ երկրում անվտանգ է, օրեցօր ավելի ու ավելի անվտանգ կդառնա, և իրենք չեն ցանկանում, որ որևէ մեկը լքի Աֆղանստանը։ 


Մուջահիդը հավելել է, որ Աֆղանստանի հողը չի օգտագործվի որևէ մեկի դեմ՝ պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք երկիրն իր հարկի տակ կպահի ալ-Քաիդայի զինյալներին։ 


Թալիբները նաև տեղի ունեցածը համարում են էվոլյուցիոն գործընթաց։ 


«Մեր երկիրը մուսուլմանական երկիր է՝ 20 տարի առաջ թե հիմա։ Բայց երբ խոսքը վերաբերում է փորձին, հասունությանը և տեսլականին, անշուշտ, հսկայական տարբերություն կա այժմ և 20 տարի առաջվա մեր հայացքների միջև։ Այլ են նաև այն գործողությունները, որոնք մենք պատրաստվում ենք ձեռնարկել։ Սա էվոլյուցիոն գործընթաց է», – ասել է Մուջահիդը։ 


Նա նաև նշել է, որ կառավարություն կազմելուց հետո «Թալիբանը» կորոշի, թե ինչ օրենքներ կընդունվեն ժողովրդի համար։