
Ինչո՞ ւ հեղուկ գազ չկա. Auroranews-ը պարզել է պատճառը

Այսօր վաղ առավոտից Ավրորանյուզի լրատվական բաժինը զանգեր էր ստանում այն մասին, որ մայրաքաղաքում հեղուկ գազ չկա: Մեզ հետ զրույցում վարորդները նշում էին, որ խոսքը միայն մեկ գազալցակայանի մասին չէ: Հասկանալու համար, թե ինչն է պատճառը, որ հեղուկ գազի ոլորտում կրկին խնդիր կա` մենք կապ հաստատեցինք գազ ներկրող ընկերություններից մեկի հետ:
Այստեղից մեզ մանրամասնեցին, որ հեղուկ գազի բացակայությունը կապված է Ռուսաստանում` Գազպրոմի գործարաններից մեկում, օրեր առաջ տեղի ունեցած հրդեհի հետ: Ըստ մեր զրուցակցի՝ արդեն 10 օր է, ինչ գազի փոխադրման խնդիր կա: Այն ընկերությունը, որի ներկայացուցչի հետ մենք զրուցում էինք, գազ է ներկրում հենց Ռուսաստանից, և արդեն 10 օր է, ինչ ընկերության մեքենաները չեն կարողանում վերադառնալ Հայաստան: Օրական բաց է թողնվում գազով բեռնված 1 մեքենա, ինչը բավարար չէ անհրաժեշտ ծավալով հեղուկ գազ ապահովելու համար: Մեր զրուցակիցը նշեց, որ այս պահին չի կարողանա ասել, թե երբ կհաջողվի կարգավորել խնդիրը, սակայն նշեց, որ գազ ներկրող այն ընկերությունները, որոնք աշխատում են Ռուսաստանի հետ, այս օրերին բախվել են նույն խնդրին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ օգոստոսի 5-ին, հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում՝ Նովի Ուրենգոյի մոտակայքում գտնվող «Գազպրոմ»-ի գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքները, ըստ կանխատեսումների, կարող են մեծ լինել կորպորացիայի գազամշակման ամբողջ տեխնոլոգիական շղթայի համար: Ինչպես հաղորդում են ռուսական աղբյուրները` արտակարգ իրավիճակն արդեն հանգեցրել է Խանտի -Մանսիի ինքնավար օկրուգում` «Գազպրոմ pererabotka» ընկերության կարողությունների նվազմանը. հրդեհի պատճառով Սուրգուտի` Չերնոմիրդինի անվան գործարանը կորցրել է հումքի հիմնական աղբյուրը և անցել պահուստային պաշարների: Ինչպես գրում է RBK-ն տեղի ունեցած հրդեհից հետո եվրոպական երկրներ արտահանվող գազի շուկայում թանկացումներ են նկատվել: