ՀՀ ԶՈՒ-երը կանգնած են իրենց դիրքերում, հակառակորդի սադրիչ գործողություններին տալիս արժանի պատասխան.ԳՇ պետի տեղակալ

ԱԺ-ում տեղի ունեցած փակ Հանդիպման ընթացքում քննարկեցինք մի շարք հարցեր, ինչպես նաև սահմանային գոտիներում ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրությունը։ Խմբակցությունների անդամներին ներկայացրի՝ ինչպիսի իրադրություն է ստեղծվել սահմաններին ներկա դրությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։

ԳՇ պետի տեղակալը վստահեցրեց, որ ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրությունում ՀՀ ԶՈՒ-երը կանգնած են իրենց դիրքերում, հակառակորդի կողմից մի շարք սադրիչ գործողություններին տալիս արժանի պատասխան.

«Մեր հանրության շրջանում տարածված է, թե մենք ունենում ենք կորուստներ, իսկ հակառակորդն անկորուստ է, դա այդպես չէ, իրականությանը չի համապատասխանում, հակառակորդը նույնպես ունի կորուստներ։ Մենք վերահսկում ենք մեր սահմանները, այդ խնդիրը, որն առաջադրված է մեր ԶՈՒ-երին, բանակին՝ կատարելու ենք պատվով»,- ասաց Էդվարդ Ասրյանը։

Իսկ թե ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը՝ սահմաններին սադրանքներ հրահրելով, Ասրյանը պատասխանեց.

«Հակառակորդը մնում է հակառակորդ։ Ցանկացած պետության համար հակառակորդ հանդիսացող պետությունը փորձելու է տարբեր միջոցներով ճնշում գործադրել դիմակայող պետության բանակի վրա։ Նույնն էլ մեր հակառակորդ պետությունը փորձում է տարբեր միջոցներով ճնշել մեզ, բայց դա նրան չի հաջողվում»,-ասաց Ասրյանը և նկատեց, որ հակառակորդը կարող է նաև առաջխաղացում ունենալու միտում չունենալ, այլ պարզապես ցանկանա ստուգել, թե հայկական կողմն ինչպե՞ս է արձագանքում իրենց սադրիչ գործողություններին:

Մեկնաբանելով Ալիևի վերջին շրջանում արված հայտարարությունները, ԳՇ պետի տեղակալն ընդգծեց, որ դրանք հայկական կողմի համար հիմք չեն հանդիսանում.

«Ադրբեջանի նախագահը կարող է հայտարարել ինչ ինքը կամենում է, բայց դա իրականությանը չի համապատասխանում, խեղաթյուրված պատմություն է։ Նրա հայտարարությունները մեզ համար հիմք չեն հանդիսանում, դրանք ավելի են բարձրացնում մեր զգոնությունը։ Իր քաղաքական հայտարարության ներքո մեր դիրքերում պատրաստ ենք ետ մղելու նրա կազմակերպված սադրիչ գործողությունը»։

Իսկ թե այս ընթացքում, բացի Սև լճի տարածքից, դիրքային այլ փոփոխություններ եղել են, Էդվարդ Ասրյանը վստահեցրեց, որ մայիսի 12-ին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելուց հետո, հակառակորդը ոչ մի հաջողություն չի ունեցել.

«Մենք կանգնած ենք մեր տեղում և պատրաստ ենք հակազդել նրա ցանկացած սադրիչ գործողության»,-ասաց Էդվարդ Ասրյանը: